ԱՄՆ-ը մեղադրանքներ է առաջադրել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին։ Դրա մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին։

Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարությունում գործակալության աղբյուրի՝ 94-ամյա Կաստրոյի նկատմամբ մեղադրանքները կարող են կապված լինել 1996 թվականի մի միջադեպի հետ, երբ կուբայական կործանիչները խոցել էին կուբացի վտարանդիների կազմակերպությանը պատկանող ինքնաթիռներ։

Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ում քննարկվել է Կաստրոյին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու հնարավորությունը։ Ընդսմին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ինքը՝ Թրամփը, հնարավոր է՝ չաջակցի նման փորձին։

Source: https://news.am/hy/news/1037012