ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի զինծառայողները վայրէջք են կատարել Օմանի ծոցում գտնվող Celestial Sea նավթային լցանավի վրա՝ կապված այն կասկածների հետ, թե նավը փորձել է ճեղքել Իրանի դեմ ԱՄՆ ծովային շրջափակումը։ Դրա մասին X սոցիալական ցանցում հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Հայտարարության մեջ ասվում է, որ 31-րդ արշավախմբային ջոկատի ծովային հետևակայինները բարձրացել են իրանական դրոշի ներքո նավարկող և առևտրային բեռ տեղափոխող նավի տախտակամած։ Զննումից հետո նավն ազատ է արձակվել, սակայն անձնակազմին հրահանգվել է փոխել կուրսը։

CENTCOM-ի տվյալներով՝ ԱՄՆ ծովային շրջափակման ուժի մեջ մտնելուց ի վեր՝ ավելի քան մեկ ամսվա ընթացքում, վերաուղղորդվել է 91 առևտրային նավ։

Ամերիկյան կողմը պնդում է, որ գործողությունը սկսվել է ապրիլի 13-ին և ուղղված է դեպի իրանական նավահանգիստներ ընթացող կամ այնտեղից դուրս եկող նավերի շարժի սահմանափակմանը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նման գործողությունները, դրանց նավերի կալանումն ու անձնակազմերի ձերբակալությունները, փաստացի հավասարազոր են ծովահենության և ահաբեկչության։

Source: https://news.am/hy/news/1037061