ԱՄՆ-ը և Իսրայելը, ենթադրաբար, աշխատում են մի ծրագրի վրա, որը նախատեսում է փոխել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթային համալիրի կառավարման համակարգը և թուլացնել մահմեդական սրբավայրերի պահապան գործում Հորդանանի դերը։ Այդ մասին հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով ամերիկյան, հորդանանյան, պաղեստինյան և արևմտյան աղբյուրների։

Պարբերականի տվյալներով՝ քննարկվող նախաձեռնությունը նախատեսում է դադարեցնել Հորդանանի կողմից աջակցություն ստացող իսլամական վակուֆի լիազորությունները և Իսրայելի վերահսկողության ներքո ստեղծել նոր կառույց։ Ըստ աղբյուրների պնդումների՝ Ալ-Ակսայի համալիրը կարող է ստանալ «միջկրոնական կենտրոնի» կարգավիճակ, իսկ հրեա այցելուներին նախատեսվում է տրամադրել «հավասար հասանելիություն» և պաշտոնապես թույլատրել հավաքական աղոթքները։

«Middle East Eye»-ի զրուցակիցները նաև պնդում են, որ Իսրայելը կարող է ազդեցություն ստանալ իմամների նշանակման և ուրբաթօրյա քարոզների բովանդակության վրա։ Ինչպես հաղորդվում է, նախաձեռնության կողմնակիցների թվում նշվում են Սպիտակ տան նախկին խորհրդական Ջարեդ Կուշների և Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի անունները։

Պարբերականի տեղեկություններով՝ արաբական մի քանի երկրներ, այդ թվում՝ Բահրեյնը, Եգիպտոսը, Մարոկկոն և ԱՄԷ-ն, իբր ծանոթացել են այս առաջարկին։ Միևնույն ժամանակ, աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիան դեմ է նման փոփոխություններին։

Հորդանանի պաշտոնական ներկայացուցիչը MEE-ին հայտնել է, որ Ամմանի դիրքորոշումը Երուսաղեմի հարցում մնում է անփոփոխ, իսկ սրբավայրերի նկատմամբ Հաշիմյան խնամակալությունն ամրագրված է միջազգային համաձայնագրերով, այդ թվում՝ 1994 թվականի Հորդանանի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրով։

Այժմ Ալ-Ակսայի համալիրը կառավարվում է տասնամյակներ շարունակ գործող ստատուս քվոյի շրջանակում. ներքին հարցերով զբաղվում է իսլամական վակուֆը, իսկ արտաքին անվտանգությունը վերահսկում է Իսրայելը։

Source: https://news.am/hy/news/1038487