Ռուսաստանի Կենտրոնական բանկին թույլ կտան պաշտպանել իր օբյեկտները անօդաչուների հարձակումներից։ Համապատասխան օրինագիծը Պետդուման կքննարկի մոտ ժամանակում, հայտնել է ստորին պալատի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Աքսակովը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսում է ԿԲ աշխատակիցներին զենք տրամադրել և կարգավորիչի շենքերի մոտ անօդաչուներից պաշտպանության միջոցներ տեղադրել։
«Նախ՝ խափանումներ կստեղծեն, որպեսզի այն [ԱԹՍ-ն] ավելի դժվար լինի ուղղորդել և համապատասխան օբյեկտների վրա հարձակում գործել, այսինքն՝ ճնշել տարբեր տեսակի ազդանշանները։ Բացի այդ, կկիրառվեն միջոցներ, որոնք թույլ են տալիս խոցել այդ անօդաչուները», — ասել է Աքսակովը ՌԲԿ ռադիոյի եթերում։ Նա ճշտել է, որ դրա համար անհրաժեշտ է եղել առանձին օրինագիծ, քանի որ, «ինչպես պարզվեց, ոչ ԿԲ-ն, ոչ «Սբերբանկը», ոչ էլ կապի հատուկ օբյեկտները նման իրավունքներ չունեին»։
Միևնույն ժամանակ Աքսակովը շեշտել է, որ անօդաչուներից պաշտպանության ֆինանսավորումը կընկնի հենց կազմակերպությունների վրա։ «Իրենք կվճարեն։ Եթե խոսքը Կենտրոնական բանկի մասին է, ապա Կենտրոնական բանկը կվճարի, եթե խոսքը «Սբերբանկի» մասին է, ապա «Սբերբանկը» կվճարի», — պարզաբանել է պատգամավորը։
Օրինագիծը Պետդումայի քննարկմանը ներկայացվել է 2025 թվականի օգոստոսին։ Առաջին ընթերցման շրջանակում այն առաջարկում էր ԿԲ ինկասացիոն ծառայությանը տրամադրել անօդաչուներ խոցելու իրավունք։ Սակայն հետո փաստաթղթի գործողության շրջանակը զգալիորեն ընդլայնվել է։ Մայիսի կեսերին Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովը հավանություն է տվել դրա ընդունմանը երկրորդ ընթերցմամբ։
Մինչ այդ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք, որը մասնավոր պահպանական կազմակերպություններին իրավունք է տալիս օգտագործել հրաձգային զենք՝ ենթակառուցվածքային օբյեկտները անօդաչուներից պաշտպանելու համար։ Նախաձեռնությունը տարածվում է ռազմավարական ձեռնարկությունների, պետական ընկերությունների, պետական կորպորացիաների և բնական մենաշնորհների պահպանության վրա։
Ավելի վաղ ԿԲ-ում նշել էին, որ ուկրաինական անօդաչուների հարձակումները ռուսական ենթակառուցվածքի վրա դարձել են տնտեսական դինամիկան որոշող գործոններից մեկը։ Մասնավորապես, տնտեսության իրավիճակի վրա սկսել է ազդել այն, որ «մի շարք ճյուղերում պահպանվում է արտադրական հզորությունների ժամանակավոր դուրսբերման մասշտաբների վերաբերյալ անորոշությունը, ինչը կարող է որոշ չափով զսպել տնտեսական ակտիվության վերականգնումը», ասում էին կարգավորիչի ղեկավարները։ Դրանով նախ և առաջ նկատի ունեին Ուկրաինայի կանոնավոր հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակող գործարանների և նավթային նավահանգիստների վրա։ Միաժամանակ հարվածներ են հասցվում նաև ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին և քաղաքացիական ձեռնարկություններին։
Source: https://news.am/hy/news/1038479
World
Ռուսաստանի կենտրոնական բանկի աշխատակիցներին զենք կտան՝ անօդաչուներից պաշտպանվելու համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։