Հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի սկզբին։ Դրա մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ հանդիպումը կարող է կայանալ Իսլամաբադում՝ ուխտագնացության շրջանի ավարտից հետո։ 2026 թվականին ուխտագնացության հիմնական ծեսերը համընկնում են մայիսի 25–29-ի հետ։ Աղբյուրները պնդում նաև են, որ ներկայում աշխատանքներ են տարվում Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ։

Բացի դրանից, հաղորդվում է, որ առաջիկա ուրբաթ Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կարող է ժամանել Իրան՝ ներկայացնելու համար «համաձայնագրի վերջնական տարբերակը»։

ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Ավելի ուշ՝ ապրիլի 7-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները բանակցություններ անցկացրեցին Իսլամաբադում, սակայն երկարաժամկետ կարգավորման մասին համաձայնություն ձեռք չբերվեց։

Ապրիլի 21-ին Թրամփը հայտարարեց հրադադարի ռեժիմը երկարաձգելու և դիվանագիտությանը լրացուցիչ հնարավորություն տալու մտադրության մասին, ինչից հետո բանակցությունների նոր փուլ այդպես էլ տեղի չունեցավ։ Մայիսի 19-ին նա նշել է նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել դիվանագիտական ջանքերը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը։

Source: https://news.am/hy/news/1037051