Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը ենթադրում է ամերիկյան պատժամիջոցների վերացում։ Այս մասին, հղում կատարելով փաստաթղթին, հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ համաձայնագրի շրջանակում Վաշինգտոնը պատրաստ է գնալ պատժամիջոցների աստիճանական չեղարկման՝ Իրանի կողմից փաստաթղթի բոլոր պայմանների հստակ կատարման դիմաց։

Նախագիծը ներառում է կողմերի պարտավորությունները՝ դադարեցնել ռազմական, քաղաքացիական կամ տնտեսական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ հարձակումները, ինչպես նաև կողմերի ռազմական գործողությունների դադարեցումը «բոլոր ճակատներում»։

Բացի այդ, հնարավոր համաձայնագրի շրջանակում Վաշինգտոնն ու Թեհրանը մտադիր են ստեղծել ապագա հակամարտությունների կարգավորման համատեղ մեխանիզմ։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի հետ հակամարտությունը «շուտով, շատ շուտով կավարտվի»։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը դեմ է, որպեսզի Թեհրանը վճար գանձի Հորմուզի նեղուցով նավագնացության համար, ինչպես նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է դուրս բերել իրանական ուրանը՝ այն ոչնչացնելու համար։

Source: https://news.am/hy/news/1037556