«Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգություն է արտահայտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզում իրականացրած նախընտրական քարոզարշավի շրջանակում Վերին Արտաշատ գյուղում կազմակերպված քաղաքական միջոցառմանը համայնքային և կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև երեխաների ներգրավման վերաբերյալ տեղեկատվությամբ։

Մասնավորապես, ԶԼՄ հրապարակումներում տեղ գտած տվյալների համաձայն՝ Արտաշատի «Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նինել Գաբրիելյանը և նույն ՀՈԱԿ աշխատակից, պարուսույց Տիրուհի Սողոմոնյանը կազմակերպել և մասնակցել են նշված քարոզչական միջոցառմանը, այդ նպատակով ներգրավել են մշակույթի տան սաներին, ցուցումներ են տվել երեխաներին քաղաքական միջոցառմանը մասնակցելու և այն կազմակերպված կերպով ուղեկցելու նպատակով։

Նշվածից բացի, տարածված տեսանյութերից հետևում է նաև, որ Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտների համար դասապրոցեսը նախատեսվածից շուտ է ավարտվել, որպեսզի նրանք մասնակցեն վարչապետի հետ հանդիպմանը։ Ըստ լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցել են նաև դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը՝ Շուշանիկ Հախնազարյանը։

«Ականատեսը» կրկին արձանագրում է, որ հանրակրթական հաստատությունում դասապրոցեսի խաթարումը քաղաքական միջոցառման մասնակցությունն ապահովելու նպատակով անընդունելի է և կարող է դիտարկվել որպես երեխաների կրթության իրավունքի խախտում։ Հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներում ներգրավվելուց և ապահովեն կրթական գործընթացի բնականոն իրականացումը։

Միաժամանակ, մշակույթի տունը հանդիսանում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ), և դրա աշխատակիցների համար օրենքով սահմանված է քաղաքական քարոզչության իրականացման արգելք՝ ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ դրանից դուրս՝ ի պաշտոնե հանդես գալու պարագայում։ Ներկայացված տեղեկություններից առնվազն բխում է, որ մշակույթի տան տնօրենի պաշտոնակատարի և պարուսույցի գործողությունները ուղղված են եղել քաղաքական քարոզչության կազմակերպմանը և իրականացմանը։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ քաղաքական միջոցառմանը ներգրավվել են երեխաներ՝ մշակույթի տան սաներ և դպրոցականներ։ Երեխաների մասնակցությունը քաղաքական քարոզչական միջոցառումներին խնդրահարույց է ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության սկզբունքների, այնպես էլ ժողովրդավարական և ընտրական միջազգային չափանիշների տեսանկյունից, ինչին ևս «Ականատես»-ը բազմիցս անդրադարձել է նախկինում։

Կոչ ենք անում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև հանրակրթական, մշակութային և այլ ՀՈԱԿ և ՊՈԱԿ հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին ձեռնպահ մնալ քաղաքական քարոզչության իրականացման արգելքը խախտող գործողություններից և բացառել երեխաների ներգրավումը քաղաքական միջոցառումներում։

«Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան՝ մշակույթի տան տնօրենի պաշտոնակատարին և աշխատակցին, ինչպես նաև հնարավոր այլ դերակատարների նկատմամբ՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու արգելքը խախտելու համար ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 40․8 հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Source: https://news.am/hy/news/1037367