Ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների արտադրողները՝ Raytheon-ը և Lockheed Martin-ը, մտավախություն ունեն, որ Ուկրաինան, լիցենզիա ստանալու դեպքում, կգտնի հրթիռ-որսիչները կատարելագործելու միջոց, ապա կսկսի դրանք արտադրել մեծ ծավալներով, ավելի արագ և զգալիորեն ավելի քիչ ծախսերով, քան դա հնարավոր է «ԱՄՆ-ի արտադրական գծերում», գրում է The Atlantic-ը։

Միևնույն ժամանակ ամերիկյան պաշտպանական ընկերությունները «պաշտոնապես իրենց մտահոգությունները կհիմնավորեն մտավոր սեփականության գողությամբ և տեխնոլոգիաների փոխանցմամբ», — հրատարակությունը մեջբերում է ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներից մեկին, որը աջակցում է Կիևին լիցենզիա տրամադրելուն։

Ուկրաինայի նախագահը Patriot-ի լիցենզիաներ էր խնդրել Վաշինգտոնից դեռևս պատերազմի առաջին տարում՝ նախագահ Ջո Բայդենի օրոք, սակայն այն ժամանակ Կիևը մերժում էր ստացել՝ առանց պատճառները բացատրելու, հայտնում է The Atlantic-ը։

«Այժմ մենք պայմանավորվածության ենք հասել նախագահ Թրամփի հետ, որ նա կտա այդ լիցենզիաները, բայց պատկերացրեք, եթե մենք դրանք ստացած լինեինք չորս տարի առաջ Հիմա մենք զբաղված ենք թղթաբանությամբ։ Իսկ մեր վրա թռչում է ոչ թե թղթի կտոր, ոչ թե թղթե հրթիռ, այլ իրական հրթիռ, որը սպանում է մարդկանց», — ընդգծել է ուկրաինական առաջնորդը, փոխանցում է DW-ն։

Սակայն առայժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հաստատել Կիևին Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռ-որսիչների արտադրության լիցենզիաներ տրամադրելու վերջնական պատրաստակամությունը։ Մարտի 6-ին Թրամփը հայտարարել էր, որ այդ հրթիռները պետք են հենց ԱՄՆ-ին։

Source: https://news.am/hy/news/1054487