Առողջապահությունը ուժեղ պետության զարգացման և ձևավորման կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որի բանաձևը որակյալ, մատչելի առողջապահությունն ու առողջ հասարակությունն են։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ առողջապահության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 18-ին հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
«Որակյալ և մատչելի առողջապահություն՝ առողջ հասարակություն, առողջ երիտասարդություն, ուժեղ բանակ։ Որակյալ և մատչելի առողջապահություն՝ հիվանդացության և հաշմանդամության ցածր մակարդակ, պետության վրա ավելի փոքր սոցիալական բեռ», - ասել է Բադալյանը՝ շնորհակալություն հայտնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը՝ իրեն վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու համար։
Source: https://news.am/hy/news/1056161