Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսի 4-ի առթիվ ուղղած շնորհավորական ուղերձում հայտնել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները միավորված են ընդհանուր արժեքներով, իսկ ամերիկյան առաջնորդությունը շարունակում է մնալ աշխարհում ազատության պաշտպանության կարևոր գործոն։
Նրա խոսքով՝ անկախ և ազատ պետության մասին «ամերիկյան երազանքի» գաղափարն արդեն ավելի քան 250 տարի ուղենիշ է ծառայում այլ երկրների համար։ Զելենսկին նշել է, որ 20-րդ դարում ԱՄՆ աջակցությունը նշանակալի դեր է խաղացել ավտորիտար ռեժիմներին հակազդելու և միջազգային կայունության երկարատև ժամանակաշրջան ձևավորելու գործում։
Խոսելով ընթացիկ իրավիճակի մասին՝ նա ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ լայնածավալ հակամարտության պայմաններում շարունակում է անկախության համար պայքարը նույն վճռականությամբ, որով նախկինում այլ ժողովուրդներ պաշտպանել են իրենց ազատությունը։
Զելենսկին առանձին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ռազմական և տեխնոլոգիական աջակցության համար՝ նշելով, որ մատակարարված սպառազինությունը երկրի պաշտպանության համար կենսական նշանակություն ունի։ Իր ուղերձում նա հիշատակել է Javelin շարժական հակատանկային համալիրներն ու Patriot զենիթահրթիռային համալիրները՝ դրանք անվանելով կարևոր ներդրում ուկրաինացի քաղաքացիների պաշտպանության գործում։
Նա հավելել է, որ Ուկրաինայի դիմումը ԱՄՆ-ին, այդ թվում՝ Patriot համակարգերի վերաբերյալ հարցումներով, հիմնված է ընդհանուր արժեքների և ռազմավարական գործընկերության նկատմամբ վստահության վրա։
Եզրափակելով Թրամփին և ամերիկացի ժողովրդին ուղղված իր շնորհավորանքը՝ Զելենսկին Միացյալ Նահանգներին հաջողություններ է մաղթել և համագործակցության հետագա ամրապնդման հույս է հայտնել։
Source: https://news.am/hy/news/1047836