Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում առաջարկել է ուղիղ հանդիպում անցկացնել՝ պատերազմի ավարտը քննարկելու համար։
Զելենսկին հայտարարել է, որ հենց Պուտինն է կրում անձնական պատասխանատվություն պատերազմի համար, որը, նրա խոսքով, չունի իրական պատճառներ և «պատմության մեջ կմնա որպես նրա անձնական ընտրություն»։
Ուկրաինայի առաջնորդն ընդգծել է, որ Կիևը չի ձգտում անվերջանալի հակամարտության և պատրաստ է բանակցությունների՝ դրանց անցկացման ընթացքում հրադադարի լիակատար պահպանման պայմանով։
«Ուկրաինան առաջարկում է ավարտել այս պատերազմը։ Ես առաջարկում եմ հանդիպում անցկացնել։ Եկե՛ք հստակ ամսաթիվ սահմանենք նման զրույցի համար»,- գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ Կիևը պատրաստ է ռազմագերիների փոխանակմանը՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, պատերազմի ժամանակ տարված քաղաքացիական անձանց ու երեխաների վերադարձին, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ անվտանգության երկարաժամկետ երաշխիքների քննարկմանը։
Իր նամակում Զելենսկին քննադատել է ռուսական տնտեսության վիճակը և պատերազմի հետևանքները Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիները բախվում են գների աճի, վառելիքի դեֆիցիտի և սահմանափակումների հետ, իսկ ռուսական ղեկավարության ռեսուրսներն աստիճանաբար նվազում են։
«Մենք չենք ուզում մշտական պատերազմ։ Մենք շատ լավ գիտենք, որ կյանքն առանց պատերազմի անվերջ ավելի լավն է։ Եվ մենք ուզում ենք հասնել դրան»,- նշել է ուկրաինացի առաջնորդը։
Միևնույն ժամանակ, Զելենսկին նախազգուշացրել է, որ բանակցային ուղուց հրաժարվելու դեպքում Ուկրաինան կշարունակի դիմադրությունը՝ իր դաշնակիցների աջակցությամբ։
«Եթե դուք անձամբ չգաք այն եզրակացության, որ ժամանակն է ավարտել այս պատերազմը, Ուկրաինան կշարունակի պայքարել իր գոյության համար»,- հայտարարել է նա։
Նամակի վերջում Զելենսկին ընդգծել է, որ պատերազմի դադարեցման որոշումը կախված է Ռուսաստանի նախագահից. «Դուք կարող եք կանգնեցնել ձեր պատերազմը»։
Source: https://news.am/hy/news/1041016