Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նախարարների կաբինետի թարմացման և երկրի ղեկավարության կազմում կադրային փոփոխությունների նախապատրաստման մասին։ Ուկրաինացի պատգամավորների տվյալներով, վերադասավորումները կարող են անդրադառնալ բազմաթիվ նախարարների վրա, իսկ ներկայիս վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է ստանալ նոր նշանակում, հաղորդում է РБК-Украина-ն։

Ինչպես հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, Զելենսկին Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել աշխատանքի մեկ այլ ուղղություն Ուկրաինայի առանցքային գործընկեր երկրներից մեկում։ Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնին։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Օլգա Ստեֆանիշինան։

Պատգամավորի կարծիքով, դեսպանի փոխարինումը կարող է կապված լինել արտաքին քաղաքական կուրսի ճշգրտման անհրաժեշտության հետ։

Կառավարության նոր ղեկավարի պաշտոնի համար, պատգամավորների տվյալներով, դիտարկվում են մի քանի թեկնածուներ։ Նրանց թվում են «Նաֆտոգազի» ղեկավար Սերգեյ Կորեցկին, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը, ինչպես նաև ուկրաինական մի շարք քաղաքների քաղաքապետեր։

Ժելեզնյակը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնի ամենահավանական հավակնորդն այժմ Կորեցկին է՝ նշելով, որ որոշումը «գրեթե ընդունված է»։ Կառավարության թարմացման մասին Զելենսկու հայտարարությունից հետո նախագահը հանդիպել է «Նաֆտոգազի» ղեկավարի հետ և նրա հետ քննարկել պետության կայունության ամրապնդման և նոր քաղաքական ռազմավարության իրականացման հարցերը։

Ակնկալվում է, որ Գերագույն ռադան Սվիրիդենկոյի հրաժարականի հարցը կարող է քննարկել արդեն հուլիսի 13–14-ին։ «Ժողովրդի ծառա» խմբակցությունը հուլիսի 14-ին կանցկացնի նիստ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել հնարավոր կադրային փոփոխությունները։

Source: https://news.am/hy/news/1049394