Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամ ալիքում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նշելով, որ կողմերը քննարկել են ռազմաճակատում տիրող իրավիճակը, դիվանագիտական ջանքերը և «այս պատերազմն ավարտելու իրական հեռանկարը»։

Զելենսկու խոսքով՝ զրույցի ընթացքում նա շնորհավորել է Թրամփին և ամերիկացի ժողովրդին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հեռախոսով շատ լավ զրուցեցինք», — նշել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան շնորհակալ է Միացյալ Նահանգներին ցուցաբերված օգնության համար՝ ««Ջավելիններից» և «Փեթրիոթներից» մինչև քաղաքական աջակցություն», և բարձր է գնահատում Վաշինգտոնի աջակցությունն իր անկախության պաշտպանության գործում։

Խոսելով հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ Ուկրաինայի նախագահը հայտնել է. «Այս պատերազմն ավարտելու իրական հեռանկար կա, և Ամերիկայի վճռականությունը վճռորոշ նշանակություն կունենա»։

Նրա խոսքով՝ կողմերը նաև պայմանավորվել են շարունակել քննարկումները անձամբ, Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում։

Ավարտին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Դոնալդ Թրամփին, շնորհավորել ամերիկացիներին Անկախության օրվա առթիվ և երկրին մաղթել հետագա բարգավաճում ու հաջողություններ։

Source: https://news.am/hy/news/1047887