Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հայտնել է ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ ունեցած զրույցի մասին, որը, ըստ Զելենսկու, լավատեղյակ է ընթացիկ դիվանագիտական հեռանկարների բոլոր մանրամասներին։

«Կարևոր է, որ բանակցություններում, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և խաղաղությունը առաջ մղելու ուղղությամբ մեր յուրաքանչյուր քայլը լինի առավելագույնս մանրակրկիտ նախապատրաստված և համակարգված առանցքային գործընկերների հետ», - նշել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի, Կիևի դիրքորոշումն այն է, որ Եվրոպան պետք է լինի դիվանագիտական գործընթացի մաս, իսկ նրա ձայնը պետք է կշիռ ունենա։

«Իհարկե, ես նրան տեղեկացրել եմ ռազմաճակատում տիրող իրավիճակի և հիմնական սպառնալիքների մասին։ Ռուսաստանը անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի շարունակի հրթիռային և անօդաչու հարվածները Ուկրաինայի տարածքի, մեր քաղաքների ու գյուղերի դեմ։

Մենք քննարկել ենք մեր պատասխան գործողությունների հնարավորությունները, մարդկանց կյանքերի պաշտպանության հարցը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ ուժեղացման անհրաժեշտությունը։ Մենք մեծապես ապավինում ենք Ֆրանսիայի աջակցությանը և նրանից վճռական որոշումների ընդունմանը», - եզրափակել է նա։

Source: https://news.am/hy/news/1047980