Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուս գործարար Ռոման Աբրամովիչն այցելել է Կիև և հանդիպել իր հետ՝ հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները քննարկելու համար։

Sky News-ի լրագրող Յալդա Հաքիմին տված հարցազրույցում Զելենսկին պատմել է, որ զրույցի ընթացքում Աբրամովիչին հետաքրքրել է խաղաղ բանակցությունների, այդ թվում՝ Դոնբասի հարցում ուկրաինական կողմի դիրքորոշումը։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ գործարարը մտադիր էր Կիև կատարած այցից հետո հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Աբրամովիչի այցի մասին ավելի վաղ հայտնել էր Financial Times պարբերականը, սակայն գործարարի ներկայացուցիչները հրապարակայնորեն չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի երեկվա հայտարարությունից հայտնի է դարձել, որ Կիևում ռուսաստանցի հայտնի գործարար է եղել։ Այս թեմային ավելի ուշ անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինը։ Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ նշել է, որ գործարար շրջանակներից իր հին ծանոթներից մեկը Կիև է մեկնել սեփական նախաձեռնությամբ՝ համապատասխան հրավեր ստանալուց հետո։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո գործարարը փոխանցել է Ուկրաինայի ղեկավարի՝ առանձնազրույց ունենալու խնդրանքը։ Պուտինը նշել է, որ չի բացառում Զելենսկու հետ բանակցությունները, սակայն դրանք հնարավոր է համարում միայն խաղաղ կարգավորման շուրջ կոնկրետ համաձայնությունների հասնելուց հետո։

Source: https://news.am/hy/news/1041929