Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին։ Սակայն շատերը կարծում են, որ դրանք ավելի վաղ կանցկացվեն։ Եվ այն պահին, երբ ընտրողներն իրականում գնան ընտրատեղամասեր, ընտրությունների ելքը, հնարավոր է, արդեն կանխորոշված լինի, հատկապես՝ վերջին օրերի իրադարձություններից հետո, գրում է «Guardian»-ը։
Անցյալ շաբաթ վերաքննիչ դատարանը պաշտոնանկ է արել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելին՝ չեղարկելով 2023 թվականի կուսակցական ընտրությունների արդյունքները։ 51-ամյա քաղաքական գործչին համարել են այն մարդը, ում հաջողվել է վերակենդանացնել CHP-ն, որը 2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վստահորեն ջախջախել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Նա նաև մնում էր բարձրաստիճան այն քիչ ընդդիմադիրներից մեկը, ում չէր անդրադարձել բռնաճնշումների լայնամասշտաբ արշավը, որի ընթացքում ձերբակալվել էին CHP-ի հարյուրավոր պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ։
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Թուրքիայի դատական համակարգը վերածվել է ընդդիմության դեմ պայքարի գործիքի։ Մարտին մեկնարկել է կոռուպցիոն խոշոր դատավարություն, որի մեղադրյալների թվում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Նրան ձերբակալել էին անցյալ տարի հենց այն օրը, երբ նա CHP-ի կողմից առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու։ Եթե նրան մեղավոր ճանաչեն առաջադրված բոլոր հոդվածներով, նրան կարող է սպառնալ ավելի քան 1900 տարվա ազատազրկում։
Դատարանի որոշումը շատերն ընդունեցին որպես CHP-ն էլ ավելի թուլացնելու և պառակտելու փորձ։ Կուսակցությունը տեղի ունեցածն անվանեց «դատական հեղաշրջում»։ Օզելի փոխարեն վերականգնվեց նրա ոչ ժողովրդական նախորդը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով 2023 թվականի ընտրություններում պարտվել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանին (չնայած գործող նախագահից դժգոհության աճին)։
2003 թվականին իշխանության գալուց ի վեր Էրդողանն էլ ավելի բացահայտորեն է շարժվում դեպի կառավարման ավտորիտար մոդելը։ Սա հատկապես նկատելի դարձավ 2013 թվականի Գեզի զբոսայգու բողոքի ցույցերից և տասը տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ Նա իրականացրեց սահմանադրական բարեփոխումներ՝ խորհրդարանական համակարգը փոխարինելով խիստ կենտրոնացված նախագահական համակարգով։ Նրա կողմնակիցները վերահսկում են լրատվամիջոցների զգալի մասը, իսկ քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է մշտական ճնշումների։
Հինգշաբթի օրը Էրդողանը ստորագրեց մասնավոր համալսարանի փակման մասին հրամանագիրը, որը հայտնի էր որպես լիբերալ հայացքների կենտրոն։
Թուրքիայի սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը երկու ժամկետով, սակայն Էրդողանը կկարողանա նորից առաջադրվել արտահերթ ընտրությունների դեպքում։ Քրդերի հետ նրա մերձեցումը կարող է նաև ապահովել քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության աջակցությունը և փոփոխելու սահմանադրությունը։
Երկրի տնտեսական իրավիճակը շարունակում է մնալ ծանր և դժվար թե բարելավվի մոտ ապագայում՝ հաշվի առնելով վառելիքի ներկրումից ունեցած Թուրքիայի ուժեղ կախվածությունը։
Էրդողանը փորձում է իրեն ներկայացնել որպես այն խնդիրների լուծող, որոնք մեծ մասամբ ինքն է ստեղծել։ Սակայն կյանքի արժեքի կտրուկ աճը խարխլում է բնակչության աջակցությունը։ Այս ամիս Թուրքիայի կենտրոնական բանկը ընթացիկ տարվա գնաճի կանխատեսումը 16%-ից բարձրացրել է 24%-ի։
Օզելի պաշտոնանկության մասին հայտարարությունից հետո Թուրքիայի ֆոնդային բորսան անկում ապրեց 6%-ով, իսկ լիրայի փոխարժեքը հասավ պատմական նվազագույնին։ Հերթական հարկային համաներումը դժվար թե օգնի տնտեսությանը կամ գրավի օտարերկրյա ներդրողներին (իրավական և քաղաքական նման անկայուն միջավայրի պայմաններում)։
Արևմուտքը գնալով ավելի հաճախ է աչք փակում
Պարսից ծոցի, Ուկրաինայի պատերազմների և Սիրիայի անկայունության պայմաններում Էրդողանը հմտորեն մանևրում է աշխարհաքաղաքական դաշտում, ինչի շնորհիվ պահպանում է ներքին աջակցությունն ու միջազգային գործընկերների լոյալությունը։
Հինգշաբթի օրը Դոնալդ Թրամփը Էրդողանին անվանել է «ուժեղ տղա», ով «շատ լավ է գլուխ հանում ամեն ինչից»։ Եվրոպական միության համար, որը նախկինում Անկարայի վրա ճնշում գործադրելու կարևոր աղբյուր էր, գլխավոր առաջնահերթությունն այժմ դարձել է Ուկրաինան։
Ինչպես վրդովմունքով նշել է Օզգյուր Օզելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեյբորիստական կուսակցությունը, որոնք նույնպես պատկանում են ձախ կենտրոնամետ ճամբարին, գրեթե ոչ մի կերպ չեն արձագանքել Իմամօղլուի ձերբակալությանը։
Սա լուրջ սխալ է։ Ժողովրդավարությունը չի անհետանում մեկ գիշերվա ընթացքում. այն քայքայում են աստիճանաբար՝ ամիսների, տարիների ու տասնամյակների ընթացքում։
Թուրքիայում հաջորդ ընտրությունների ժամանակ, հնարավոր է, բուն քվեարկության կամ քվեաթերթիկների հաշվարկի գործընթացի հետ կապված լուրջ խնդիրներ չառաջանան։ Սակայն ժողովրդավարությունը չի սահմանափակվում միայն նրանով, ինչ տեղի է ունենում ընտրության օրը։ Այն կախված է նաև նրանից, թե ովքեր ընդհանրապես ընտրություններին մասնակցելու իրավունք կստանան և արդյոք հնարավորություն կունենան լսելի լինելու։
Եեթե տեղի ունեցողին լուրջ դիմադրություն չցուցաբերվի, ապա Թուրքիայում հաջորդ քաղաքական պայքարի ելքը կարող է կանխորոշված լինել հենց հիմա։
Source: https://news.am/hy/news/1038212
World
Ընդդիմությանը դուրս են մղում․ Էրդողանն ընտրություններից առաջ ամրապնդում է իշխանությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։