ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ վերջերս ունեցած խորհրդակցություններից հետո որոշել է շարունակել բանակցությունները Իրանի հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ այդ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի դեմ ամերիկյան հարվածների վերսկսման հնարավորությունը, սակայն Թրամփը «որոշել է առայժմ հավատարիմ մնալ դիվանագիտական բանակցություններին»։
«Թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել, Թրամփը օգնականներին ասել է, որ իր կարծիքով լայնածավալ հարձակումների ևս մեկ փուլը կարող է խափանել դիվանագիտությունը և վնասել Վաշինգտոնի հնարավորություններին՝ ի վերջո ապամոնտաժելու Իրանի միջուկային ծրագիրը»,- գրում է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ նախագահը օգնականներին հայտնել է, որ չի առարկում, եթե Թեհրանի հետ բանակցությունները ձգձգվեն միջուկային գործարքի համար սահմանված վերջնաժամկետից՝ օգոստոսի 18-ից, ավելի երկար։
Հունիսի 17-ին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը բաղկացած է 14 կետից։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի վերջնական համաձայնագրի ձեռքբերման բանակցային գործընթացը կտևի 60 օր՝ մինչև օգոստոսի 17-ը։
Source: https://news.am/hy/news/1046991