ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից վերադարձել է հին Air Force One-ով այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները Իսրայելից ստացել էին հետախուզական տվյալներ նրա սպանության հնարավոր սպառնալիքի մասին։ Որոշման գործոններից մեկը եղել է, անվտանգության ծառայության գնահատմամբ, ԱՄՆ-ին Կատարի կողմից նվիրաբերված նոր ինքնաթիռի անբավարար հագեցվածությունը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Աղբյուրների տվյալներով, սպառնալիքն ամբողջությամբ հաստատված չէր համարվում, սակայն Իրանի շուրջ իրավիճակի սրման և տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցների դեմ պատասխան գործողությունների ռիսկի հետ զուգակցված՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, Սպիտակ տան ռազմական ստորաբաժանումը և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները որոշել են, որ նոր ինքնաթիռը ներկայիս պայմաններում հարմար չէ նախագահի թռիչքի համար։
Թրամփը արդիականացված կատարյան ինքնաթիռն օգտագործել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելու ընթացքում։ Սակայն վերադարձի ճանապարհին նա տեղափոխվել է հին Air Force One, նախ ուղևորվելով Մեծ Բրիտանիա, իսկ այնուհետև արդեն այնտեղից նոր ինքնաթիռով մեկնել Վաշինգտոն։
ԱՄՆ նախագահը մերժել է հաղորդումները, թե ինքնաթիռի փոխումը կապված է եղել անվտանգության սպառնալիքի հետ։ Ըստ նրա, ինքնաթիռը ուղարկվել էր Մեծ Բրիտանիա, որպեսզի ամերիկացի զինվորականները կարողանան այն տեսնել։ Իրանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ «անընդհատ» բախվում է սպառնալիքների և ԱՄՆ հակառակորդների համար «գլխավոր թիրախն» է։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իսրայելը Վաշինգտոնին փոխանցել է հետախուզական տեղեկություն Իրանի՝ Թրամփի դեմ հնարավոր նոր մահափորձի ծրագրի մասին։ Միաժամանակ ամերիկացի որոշ պաշտոնյաներ մտահոգություն էին հայտնել, որ նման տվյալները կարող էին օգտագործվել Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար՝ Թեհրանի դեմ ռազմական արշավը վերսկսելու նպատակով։
Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը երկու երկրների սերտ համագործակցության մի մասն է և կապված չէ ամերիկյան քաղաքականության վրա ազդելու փորձերի հետ։
Նոր ինքնաթիռը Կատարը փոխանցել էր ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ Թրամփը նախկինում քննադատել էր գործող Air Force One-երը դրանց տարիքի և անբավարար հարմարավետության համար։ Ինքնաթիռն անցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի արդիականացում, սակայն նախագահական ինքնաթիռների պաշտպանական ճշգրիտ հնարավորությունները գաղտնի են պահվում։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին նախարար Ֆրենկ Քենդալը ավելի վաղ նշել էր, որ մեծ ուղևորատար ինքնաթիռի վրա բոլոր անհրաժեշտ պաշտպանական համակարգերի լիարժեք տեղադրումը կարող է տևել մի քանի տարի։ Ըստ նրա, սովորական ինքնաթիռը լիարժեք նախագահական ինքնաթիռի վերածելը պահանջում է լուրջ ինժեներական փոփոխություններ։
Իրանի հետ պահպանվող լարվածության ֆոնին ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը հետագայում կարող է ավելի հազվադեպ օգտագործել նոր ինքնաթիռը արտասահմանյան այցերի համար։
Source: https://news.am/hy/news/1049395