Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը մայիսին նախատեսում էր հայտարարել Եվրոպայում ամերիկյան ռազմական զորախմբի նոր կրճատման մասին, սակայն Սպիտակ տունը մերժել է այդ նախաձեռնությունը։ Այս մասին հուլիսի 2-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Հեգսեթը մտադիր էր հայտարարել ամերիկյան զորքերի լրացուցիչ կրճատման մասին Բրյուսելում ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Ենթադրվում էր, որ միջոցները դուրս կգան Լեհաստանում զրահատանկային բրիգադի արդեն չեղարկված փոխատեղման և ավելի վաղ Ռումինիայից հետևակային բրիգադի դուրսբերման շրջանակներից։

«Սակայն Հեգսեթի առաջարկը մերժվել է այն բանից հետո, երբ դրան ծանոթացել են [ԱՄՆ պետքարտուղար] Մարկո Ռուբիոն՝ նախագահի [Դոնալդ] Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնել են աղբյուրները։ Դրա փոխարեն Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերանայի իր ռազմական դիրքավորումը Եվրոպայում, ինչը կարող է տևել մինչև վեց ամիս», — նշել է WSJ-ն։

Ինչպես գրել է թերթը, այս դրվագը ցույց է տվել, որ ԱՄՆ վարչակազմը առայժմ չի կողմնորոշվել Եվրոպայում ռազմական ներկայության հնարավոր կրճատման մասշտաբների և ժամկետների հարցում։ WSJ-ի զրուցակիցները նշել են, որ Պենտագոնի ղեկավարի առաջարկնենը անհանգստություն են առաջացրել ՆԱՏՕ գծով Վաշինգտոնի դաշնակիցների, ինչպես նաև մի շարք ամերիկացի օրենսդիրների, այդ թվում՝ հանրապետականների մոտ։ Բոլորն էլ մտավախություն ունեն, որ դաշինքը կթուլանա։

Source: https://news.am/hy/news/1047576