Ծագերիի սակրեբուլոյի (տեղական ավագանու) անդամ Լաշա Լետոդիանին այն 26 անձանց թվում է, որոնք ձերբակալվել են վրացի իրավապահների իրականացրած լայնամասշտաբ հատուկ գործողության արդյունքում։ Գործողությունն ուղղված է եղել «օրենքով գողերի» աշխարհի ենթադրյալ անդամների և նրանց հովանավորների դեմ։

Ըստ քննության վարկածի՝ Լետոդիանին կապեր է ունեցել քրեական միջավայրի ներկայացուցիչների հետ, մասնակցել է նրանց միջև ծագած վեճերի լուծմանը և օգնել այսպես կոչված «գողական օբշչակի» հավաքագրմանը։

Լետոդիանին Ծագերիի ավագանիում գլխավորում է «Ժողովրդի ուժ» խմբակցությունը։ Այս քաղաքական ուժը նախորդ ընտրություններին մասնակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ դաշինքով։

Դատախազության պնդմամբ՝ պատգամավորը մի քանի ամիս շարունակ աջակցել է «օրենքով գողերի» աշխարհի ներկայացուցիչների գործունեությանը, վարձատրության դիմաց մասնակցել է ֆինանսական վեճերի լուծմանը և կապ է պահպանել քրեական հեղինակություն Շալվա Նակեուրիի հետ։ Քննությունը նաև հայտարարում է, որ Լետոդիանին փորձել է կապ հաստատել արտերկրում գտնվող, այսպես կոչված, «օրենքով գող» Բեսիկ Ջափարիձեի հետ։

Մեղադրանքի համաձայն՝ քննությունն ունի ձայնագրություններ, որոնցում վեճի մասնակիցները, իբր, սպառնում են հաշվեհարդար տեսնել պարտապանների հետ և բռնություն կիրառել նրանց հարազատների նկատմամբ։ Դատախազությունը պնդում է, որ ապացույցների մի մասը ձեռք է բերվել Լետոդիանիի մեքենայում տեղադրված գաղտնալսող սարքի միջոցով։

Պատգամավորը հերքում է մեղադրանքները։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ Լետոդիանին չի ընդունում իր մեղքը և չի հասկանում իրեն ներկայացված պահանջների էությունը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը Լետոդիանիի և գործով անցնող ևս ինը մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ մինչև քննության ավարտը։ Պաշտպանական կողմը խնդրել էր պատգամավորին ազատ արձակել գրավի դիմաց, սակայն դատարանը պաշտպանել է դատախազության դիրքորոշումը՝ մատնանշելով վկաների վրա հնարավոր ճնշում գործադրելու, ապացույցները ոչնչացնելու կամ թաքնվելու փորձերի ռիսկերը։

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք վերաբերում են «օրենքով գողերի» աշխարհի գործունեությանը աջակցելուն, հանցավոր խմբավորմանը մասնակցելուն և զենքի ապօրինի շրջանառությանը։ Մեղքը հաստատվելու դեպքում մեղադրյալներին կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։

Հատուկ գործողությունն իրականացվել է հուլիսի 8-ին։ Իրավապահներն ընդհանուր առմամբ ձերբակալել են 26 հոգու, ևս երեքին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։ Ըստ քննության վարկածի՝ կասկածյալների մի մասը գումարի դիմաց որպես միջնորդ է հանդես եկել քրեական աշխարհի հակամարտություններում՝ հակամարտող կողմերի վրա ճնշում գործադրելու համար ներգրավելով հանցավոր հիերարխիայի բարձրագույն ներկայացուցիչներին։

Source: https://news.am/hy/news/1049248