Վրաստանի Թելավի քաղաքում հորդառատ տեղումները հանգեցրել են գետի ափերից դուրս գալուն և լայնածավալ ողողումների։ «Грузия Online»-ի հաղորդմամբ, ջուրը ողողել է Կավկասիոնի և Ալազանի պողոտաների հատվածներն այն բանից հետո, երբ հորդառատ անձրևների պատճառով քայքայվել է գետի հունը։
Ջրի տակ են մնացել բնակելի տների առաջին հարկերը, խանութները, դեղատները և այլ առևտրային տարածքներ։ Տարերքի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներն ու էլեկտրահաղորդման գծերը։
Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Կավկասիոնի փողոցում, որտեղ ջրի հոսքը բերել է քարեր և ցեխային զանգվածներ։ Ներկայումս ջրի մակարդակը նվազել է, մասնագետները մաքրում են ճանապարհները և վերականգնում երթևեկությունը։
Քաղաքի մի քանի կենտրոնական շրջաններում տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումները պահպանվում են։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ագրարային շուկայի տարածքից իրականացվել է մարդկանց տարհանում։ Կարգուկանոնին և երթևեկության կարգավորմանը հետևում են պարեկային ոստիկանության անձնակազմերը։
Վրաստանի Առաջին ալիքի տվյալներով, առավոտից մոբիլիզացվել են բոլոր անհրաժեշտ ծառայություններն ու հատուկ տեխնիկան։ Սկսվել են մաքրման աշխատանքները։
Կախեթիի նահանգապետի վկայությամբ, տարերային աղետից հասցված վնասը հսկայական է, և վերացման աշխատանքների համակարգման համար ստեղծվել է հատուկ շտաբ։
Source: https://news.am/hy/news/1049372