Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին փոխղեկավար Լևան Ախոբաձեի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտնում է Interpresssnews-ը։

Համապատասխան որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նանա Շամատավան։

Լևան Ախոբաձեն եղել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի տեղակալը։

Նա ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության կողմից՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փաստով։

Քննության տվյալներով, Պետական անվտանգության ծառայության նախկին փոխղեկավարը միջնորդների միջոցով գործարարին խոստացել է աջակցել դրամական միջոցների վերադարձի հարցում, ինչի դիմաց պահանջել է 500 000 լարի կաշառք, սակայն արդյունքում կողմերը համաձայնել են փոխանցել 250 000 լարի։

Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» ենթակետով (պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին որևէ գործողություն կատարելու և նույն նպատակին հասնելու համար իր ծառայողական հեղինակությունն օգտագործելու նպատակով դրամական միջոցների ուղղակի պահանջ և ստացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), ինչը նախատեսում է ազատազրկում 11-ից 15 տարի ժամկետով։

Source: https://news.am/hy/news/1037944