Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան աշխատակից Իոսիֆ (Սոսո) Սիգուան հրաժարական է տվել ընտանեկան բռնության գործի քննության ֆոնին։ Ավելի վաղ պաշտոնյայի նկատմամբ կիրառվել էր վերահսկման միջոց՝ էլեկտրոնային ապարանջանի տեսքով, հայտնել է «Սապարի» իրավապաշտպան կազմակերպությունը, փոխանցել է Новости-Грузия-ն։

Կազմակերպության տվյալներով՝ էլեկտրոնային վերահսկողություն կիրառելու որոշումը կայացվել է քննության շրջանակում ռիսկերի գնահատումից հետո։

Դեռ հուլիսի 9-ին Սիգուան նշանակվել էր Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։ Մինչ այդ նա ղեկավարում էր Թբիլիսիի դետեկտիվների վարչությունը։ Նշանակումը տեղի էր ունեցել՝ չնայած քննությանը և նրա կնոջ՝ Սոֆիո Սիգուա-Շատբերաշվիլու հրապարակային մեղադրանքներին։

TV Pirveli հեռուստաալիքի հարցազրույցում կինը հայտնել է, որ ամուսինը բազմիցս սպառնացել է սպանել իրեն, զենք է պահել նրա գլխին, խոստացել է բարձրությունից նետել և կենդանի թաղել։ Նրա խոսքով՝ բռնությունը շարունակվել է նաև հղիության ընթացքում, ընդ որում՝ ամուսինը փորձել է հարվածներ հասցնել այնպես, որ տեսանելի հետքեր չմնան։

Լրագրողները նաև հայտնել են, որ դեռևս փետրվարի 21-ին Սիգուայի նկատմամբ տրվել էր պաշտոնական պահպանական օրդեր։

«Սապարի»-ի ղեկավար Բայա Պատարայան, որը ներկայացնում է դիմող կնոջ շահերը, հայտնել է, որ ոստիկանությունը սահմանել է ռիսկի բարձր մակարդակ, սակայն, նրա խոսքով, էլեկտրոնային ապարանջան կիրառելու որոշումից հետո իրավապահ մարմինների աշխատակիցները որոշ ժամանակ չէին կարողանում գտնել կասկածյալին։

Ինքը՝ Սոֆիո Սիգուա-Շատբերաշվիլին, պնդում է, որ պաշտոնյան իր և իր մոր դեմ հանդիպական դիմում է ներկայացրել, ինչպես նաև փորձել է հասնել ոստիկանության կանչերի չեղարկմանը՝ սեփական բողոքը հետ վերցնելու դիմաց։

Շաբաթ օրը նախնական դատական նիստում Սոսո Սիգուան հայտնել է, որ արդեն ՆԳՆ-ից ազատվելու դիմում է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, նա մերժել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ կինը զրպարտել է իրեն։

Source: https://news.am/hy/news/1049300