Վրաստանի ՆԳ նախարարության Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ողջ երկրում իրականացրել են հատուկ միջոցառումներ՝ միգրացիոն հոսքերի նկատմամբ ուժեղացված վերահսկողության շրջանակում, հաղորդում է Georgia Online-ը։

Համապարփակ ստուգումների արդյունքում ձերբակալվել է 50 օտարերկրյա քաղաքացի, որոնք գտնվում էին երկրի տարածքում առանց օրինական հիմքերի։ Նրանց թվում են Հնդկաստանի, Վիետնամի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Սուդանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Հորդանանի, Նիգերիայի, Բանգլադեշի, Ուգանդայի և Քենիայի քաղաքացիներ։

Ստուգումներն իրականացվել են տարբեր օբյեկտներում և օտարերկրյա քաղաքացիների հնարավոր գտնվելու վայրերում՝ միգրացիոն օրենսդրությունը խախտողներին հայտնաբերելու նպատակով։

Գերատեսչության տվյալներով, ձերբակալվածները երկրում գտնվել են Վրաստանի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի պահանջների խախտմամբ։

Ներկայումս նրանք տեղավորված են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր պահման կենտրոնում։ Նրանց նկատմամբ սահմանված կարգով երկրից արտաքսման ընթացակարգեր են նախաձեռնվել։

Source: https://news.am/hy/news/1047783