Գոնիո-Ապսարոս բերդի տարածքում վերսկսվել են հնագիտական պեղումները: Հետազոտությունները միաժամանակ ընթանում են հուշարձանի երեք տեղամասերում, որտեղ մասնագետներն ուսումնասիրում են հռոմեական, բյուզանդական և օսմանյան ժամանակաշրջանների մշակութային շերտերը, հաղորդում է Грузия Online-ը:

Աշխատանքների ընթացքում արդեն իսկ հայտնաբերվել են տարբեր պատմական դարաշրջանների վերաբերող արտեֆակտներ: Հնագետների առանձնահատուկ հետաքրքրությունն են առաջացրել բերդի հարավային դարպասների մոտ գտնվող մեծ քարե կառույցի մնացորդները, ինչպես նաև կղմինդրե տանիքի հզոր շերտը: Այստեղ հայտնաբերվել են մեր թվարկության II–III դարերի նյութեր, դրանց թվում՝ հռոմեական կայսրեր Անտոնինոս Պիոսի և Սեպտիմիոս Սևերոսի ժամանակներում հատված մետաղադրամներ:

Այս պեղումների փուլի գլխավոր գտածոն դարձել է արծաթե մետաղադրամը, որը թողարկվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի կառավարման (527–565 թվականներ) շրջանում: Ըստ հետազոտողների՝ նմանատիպ արտեֆակտ առաջին անգամ է հայտնաբերվում հնագույն Ապսարոսի տարածքում:

Հնագիտական արշավախումբը կտևի մոտ մեկ ամիս: Դրան մասնակցում են Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարանի և Շոթա Մեսխիայի անվան Զուգդիդի պետական համալսարանի ուսանողները՝ պրոֆեսոր Մերաբ Խալվաշիի ղեկավարությամբ:

Source: https://news.am/hy/news/1048703