Ամերիկյան ֆոնդային ինդեքսները վստահորեն աճել են երկուշաբթի օրվա սակարկությունների արդյունքում:

Dow Jones Industrial Average (DJIA) ինդեքսն աճել է 0,59%-ով՝ հասնելով ռեկորդային 52182,74 կետի:

Standard & Poor 's 500-ի արժեքն ավելացել է 1,18%-ով՝ հասնելով 7440,43 կետի:

Nasdaq Composite-ն արձանագրել է 2,07% աճ և փակվել 25820,14 կետի վրա:

Շուկաներին աջակցել են այն լուրերը, որ ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և համաձայնեցրել են երեքշաբթի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ անցկացնելու հարցը։ Մինչ այս ամերիկյան զինված ուժերը հարձակվել էին Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական թիրախների վրա, իսկ Թեհրանը հարվածել էր Քուվեյթում և Բահրեյնում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաբազաներին։

Alphabet Inc.-ի բաժնետոմսերը թանկացել են 4,8%-ով DJIA ինդեքսի կազմում ընդգրկվելուց հետո, իսկ դրանից դուրս մնացած Verizon Communications-ի բաժնետոմսերը էժանացել են 5,2%-ով։ Բացի այդ, Verizon-ը 625 միլիոն դոլար կվճարի բրիտանական BT Group-ին՝ նոր միջազգային համատեղ ձեռնարկությունում մասնակցության պայմանները հավասարեցնելու համար։

Tesla-ն ավելացրել է իր շուկայական արժեքը 8,5%-ով այն բանից հետո, երբ փակվել է իր էլեկտրամոբիլների անվտանգության վերաբերյալ բազմամյա դաշնային հետաքննությունը:

Nvidia Corp.-ի կապիտալիզացիան սակարկությունների արդյունքում աճել է 1,3%-ով, Advanced Micro Devices-ինը՝ 3,4%-ով, Broadcom-ինը՝ 2%-ով, Meta-ն (ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է)՝ 2,2%-ով, Amazon.com Inc.-ը՝ 3,2%-ով, Qualcomm Inc.-ը՝ 0,4%-ով, Micron-ը՝ 1,1%-ով, IBM-ը՝ 2,4%-ով, Intel Corp.-ը՝ 2,7%-ով: Microsoft Corp.-ը կրճատել է այն 1,2%-ով, Apple Inc.-ը՝ 0,7%-ով, Oracle Corp.-ը՝ 0,5%-ով, CoreWeave-ը՝ 1,1%-ով:

Սերվերների և տվյալների պահպանման համակարգերի բաղադրիչներ արտադրող Super Micro-ի բաժնետոմսերը գահավիժել են 8,1%-ով այն բանից հետո, երբ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել չիպերի հնարավոր մաքսանենգության հետաքննության շրջանակներում Թայվանում նրա գրասենյակներում իրականացված խուզարկությունների մասին:

Ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Strategy Inc. ընկերության շուկայական արժեքը թռիչք է գրանցել 12,6%-ով: Ընկերությունը հայտնել է, որ կարող է վաճառել մինչև 1,25 միլիարդ դոլարի բիթքոյն, և հաստատել է մինչև 2 միլիարդ դոլարի բաժնետոմսերի հետգնումը:

Comcast-ի բաժնետոմսերն արձանագրել են 4,5% աճ այն տեղեկությունների ֆոնին, որ մեդիահսկան ծրագրում է առանձին բիզնեսի վերածել իր մեդիաակտիվները (NBCUniversal և Sky)՝ դրանք անջատելով հիմնական գործունեությունից, որը ներառում է լայնաշերտ ինտերնետի և բջջային կապի ծառայությունները:

Արբանյակային կապի օպերատոր Iridium Communications-ի կապիտալիզացիան կտրուկ աճել է 25,4%-ով։ Այն գնում է տիեզերական Rocket Lab ընկրությունը՝ շուրջ 8 միլիարդ դոլարով՝ հաշվի առնելով պարտքը և մասնակի վճարումը սեփական բաժնետոմսերով, որոնք թանկացել են 15,9%-ով։

Martin Marietta-ի բաժնետոմսերի գինը նվազել է 5,7%-ով այն լուրերից հետո, որ շինանյութերի այս մատակարարը կգնի կրի արտադրությամբ զբաղվող Lhoist North America ընկերությունը՝ 13,5 միլիարդ դոլար գնահատված արժեքով։

Source: https://news.am/hy/news/1046806