Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան արգելափակել են Ուկրաինային ՀՆԱ-ի 0,25%-ի չափով ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը, հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով, առաջարկին դեմ են հանդես եկել նաև Իսպանիան, Իտալիան և Կանադան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ ընդունել էր, որ նախաձեռնությունը հետագա ընթացք չի ստանա՝ դաշնակիցների շրջանում բավարար աջակցության բացակայության պատճառով։ Ենթադրվում էր, որ հարցը կներկայացվի Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին։
Ինչպես պնդում են թերթի աղբյուրները, ՆԱՏՕ-ի առնվազն յոթ երկիր աջակցել է առաջարկին։ Խոսքը այն պետությունների մասին է, որոնք արդեն Կիևին ռազմական օգնության համար ծախսում են իրենց ՀՆԱ-ի ավելի քան 0,25%-ը։ Սակայն ՆԱՏՕ-ում որոշումներ ընդունելու համար պահանջվում է դաշինքի բոլոր անդամների միաձայն հավանությունը։
The Telegraph-ի զրուցակցի վկայությամբ, Լոնդոնը, Փարիզը, Մադրիդը, Հռոմը և Օտտավան նախաձեռնության նկատմամբ «առանձնապես մեծ ոգևորություն չեն ցուցաբերել»։
Այս ֆոնին Մեծ Բրիտանիան բախվել է լրացուցիչ քննադատության՝ ռուսական նավթամթերքների մատակարարումների սահմանափակումները մեղմացնելուց հետո։ Բրիտանական կառավարությունը ժամանակավոր բացառություններ է հաստատել երրորդ երկրներում ռուսական նավթից արտադրված ավիացիոն վառելիքի և դիզելի գնումների համար՝ որոշումը բացատրելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով։
Միևնույն ժամանակ, Ուկրաինային բրիտանական օգնության ծավալը շարունակում է մնալ ամենախոշորներից մեկը՝ ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո։ Վարչապետ Քիր Սթարմերը ավելի վաղ խոստացել էր Կիևին տարեկան հատկացնել առնվազն 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Դաշինքի ներսում հիմնական դժգոհությունները, ինչպես նշում է պարբերականը, վերաբերում են Ֆրանսիային, Իսպանիային, Իտալիային և Կանադային, որոնց դաշնակիցները պարբերաբար մեղադրում են Ուկրաինային աջակցության անբավարար մակարդակի համար։
Համաշխարհային տնտեսության Քիլի ինստիտուտի տվյալներով, Նիդերլանդները, Լեհաստանը, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների շարքը արդեն Ուկրաինային օգնություն է տրամադրում ՀՆԱ-ի 0,25%-ի կամ ավելի բարձր մակարդակով։
Մարկ Ռյուտեն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներսում Ուկրաինային աջակցությունը բաշխվում է անհավասարաչափ, և շատ դաշնակիցներ Կիևին օգնելու համար «բավարար չափով չեն գործում»։
Source: https://news.am/hy/news/1037985
World
Ուկրաինայի դաշնակիցները արգելափակել են ՀՆԱ-ի 0,25%-ի մակարդակով ռազմական օգնության առաջարկը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։