Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր ափսոսանքն է հայտնել հունական Լեֆկադա կղզու ափերի մոտ ծովային անօդաչու սարքի հայտնաբերման միջադեպի կապակցությամբ և պաշտոնապես ներողություն խնդրել Հունաստանից։
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխիի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կիևը բարձր է գնահատում Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից Հունաստանի ցուցաբերած աջակցությունը և տեղի ունեցածը դիտարկում է որպես շարունակվող պատերազմի հետևանք։
«Ուկրաինական կողմն իր ներողությունն է հայտնում՝ ընդգծելով, որ միջադեպն այն հանգամանքների հետևանքն է, որոնք առաջացել են Ուկրաինայի դեմ ռուսական շարունակվող ագրեսիայի պատճառով», — պարզաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ուկրաինան նաև նշել է, որ ծովային անվտանգության հարցերն ու Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործունեությունը համարում է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ընդհանուր խնդիր։ Կիևը վերահաստատել է միջազգային իրավունքի նորմերի ու քաղաքացիական նավագնացության անվտանգության սկզբունքների հանդեպ իր հավատարմությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում նման միջադեպերը կանխելու հարցում։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ նման դեպքերը փաստում են, որ ռուսական ռազմական ագրեսիան սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև հարևան երկրների, Եվրոպայի և առհասարակ համաշխարհային անվտանգության համար։
Ուկրաինական կողմը նաև հաստատել է Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում կառուցողական երկխոսության շարունակական զարգացման և հարաբերությունների ամրապնդման մտադրությունը։
Ծովային անօդաչու սարքը, որը, ըստ հունական ԶԼՄ-ների, պատկանում է «Կոզակ Մամայ» տիպին, հայտնաբերվել էր Լեֆկադա կղզու ափերի մոտ ձկնորսների կողմից։ Ենթադրաբար, այն հայտնվել էր այդ շրջանում հեռակառավարման համակարգի խափանման հետևանքով։ Հաղորդվում է, որ սարքի ներսում եղել է մոտ 100 կգ պայթուցիկ նյութ։
Մի շարք հունական աղբյուրների վարկածով՝ սարքի նպատակը կարող էր լինել Միջերկրական ծովում գործող այսպես կոչված ռուսական «ստվերային նավատորմի» հետ կապված նավի վրա հարված հասցնելը։
Միջադեպի ֆոնին Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն թույլատրի Միջերկրական ծովը վերածել ռազմական գործողությունների գոտու։ Ավելի վաղ՝ մայիսին, Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը նշել էր, որ «Ուկրաինան մեզ շատ մեծ ներողություն է պարտք»։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտարարել է, թե չունի հաստատված տվյալներ, որոնք կփաստեն հայտնաբերված սարքի ուկրաինական կողմի հետմիջև եղած կապը
Այդուհանդերձ, հունիսի 3-ին Աթենքը պաշտոնական դիվանագիտական բողոքի նոտա է հղել Կիևին՝ Լեֆկադայի ափին պայթուցիկով բեռնված ծովային դրոնի հայտնաբերման կապակցությամբ։
Source: https://news.am/hy/news/1041354