Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակն առաջարկել է ստեղծել միջազգային քննչական խումբ՝ Մոնակոյում գործարար Վադիմ Երմոլաևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացված դիտավորյալ սպանության փորձի հետաքննության համար։

Դրա մասին գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել են հուլիսի 3-ին։

Գերատեսչության տվյալներով՝ միջազգային խմբի ձևավորումը պետք է ուժեղացնի հետաքննության համակարգումը, օգնի պարզել հանցագործությանն առնչություն ունեցող բոլոր անձանց և ապահովել մեղավորների պատասխանատվության ենթարկումը։

Հուլիսի 1-ին Գլխավոր դատախազության դատավարական ղեկավարությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Մոնակոյում երեք անձի, որոնց թվում՝ երեխայի, սպանության փորձի փաստով։ Հետաքննությունն իրականացնում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության Գլխավոր քննչական վարչությունը՝ պրոֆիլային ստորաբաժանումների օպերատիվ ուղեկցությամբ։

Գործը որակվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 11-րդ կետերով՝ որպես երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանության ավարտված փորձ, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ պատվերով։

Ավելի վաղ Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի 39-ամյա քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայայի նկատմամբ, որը կասկածվում է պայթուցիկ սարք տեղադրելու մեջ, ինչի հետևանքով տուժել են Երմոլաևն ու նրա հարազատները։

Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպից հետո նրան նկատել են Ֆրանկֆուրտում, հաղորդվում էր նաև, որ նա կարող էր Մոնակոյից հեռանալ Իտալիայի տարածքով՝ վարձակալված ավտոմեքենայով։

Ավելի վաղ հայտնվել էին նաև ոչ պաշտոնական վարկածներ Ուկրաինայի անվտանգության ծառայության հնարավոր առնչության մասին, սակայն այդ տվյալների պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Source: https://news.am/hy/news/1047723