Ուկրաինան Կանադայից զգալի ռազմական օգնության փաթեթ է ստացել՝ ուղղված օդային տարածքի պաշտպանության ամրապնդմանը։ Մոտ ժամանակներս ակնկալվում է նաև լրացուցիչ պաշտպանական միջոցների մատակարարում։

Դրա մասին Անկարայում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։

Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ ներկայում Պաշտպանության ուժերը հակաօդային պաշտպանության միջոցների, հատկապես՝ կալանիչ հրթիռների լուրջ դեֆիցիտ են զգում։

«Հիմա մենք ունենք հակաօդային պաշտպանության մեծ, հնարավոր է՝ նույնիսկ ամենամեծ դեֆիցիտը։ Միևնույն ժամանակ, մենք Կանադայից ստացել ենք ՀՕՊ գծով օգնության մեծ փաթեթ։ Մենք երախտապարտ ենք ձեզ դրա համար»,- նշել է Զելենսկին։

Նախագահը չի հստակեցրել, թե հատկապես սպառազինության որ տեսակներն են ներառվել փոխանցված փաթեթում, սակայն հայտնել է, որ պաշտպանական միջոցների նոր խմբաքանակն արդեն ճանապարհին է։

«Մենք շնորհակալ ենք դրա համար, և լավ է, որ որոշ այլ նոր տարրեր արդեն ուղղվում են դեպի մեզ»,- հավելել է նա։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտնել է, որ օգնության նոր փաթեթի ընդհանուր ծավալը, որը ներառում է ռազմական տեխնիկա, զինամթերք և հակաօդային պաշտպանության միջոցներ, կազմում է գրեթե 900 միլիոն դոլար։

Նա ընդգծել է նաև, որ Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային էներգետիկ ոլորտում, հատկապես՝ ջեռուցման սեզոնի սկսվելուց առաջ, ինչպես նաև կմասնակցի դրա վերականգնմանը և կնպաստի ուկրաինական տնտեսության ինտեգրմանը եվրոպական ու համաշխարհային տարածքին։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայում անցկացվելիք գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ առանցքային հարցերից մեկը լինելու է ուկրաինական ՀՕՊ-ի ուժեղացումը, ներառյալ՝ Patriot լրացուցիչ զենիթահրթիռային համալիրների հնարավոր ստացումը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան գրեթե չունի կալանիչ հրթիռներ՝ ռուսական բալիստիկ թիրախներին դիմակայելու համար։

Ըստ նրա՝ Ռուսաստանին սահմանակից երկրներն իրենք են սպառնալիքի մակարդակը բարձր գնահատում և այդ պատճառով պատրաստ չեն Ուկրաինային փոխանցել նման զինամթերքի սեփական պաշարները։ Նման պետությունների թվում է, մասնավորապես, Գերմանիան։

Source: https://news.am/hy/news/1048438