Հունիսի 10-ի գիշերը Սամարայի մարզի իշխանությունները հայտարարել են հրթիռային վտանգի մասին։ Տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը բնակիչներին կոչ է արել պատսպարվել փակ տարածքներում և չմոտենալ պատուհաններին։ Վտանգի ռեժիմը պահպանվել է մինչև առավոտ։ Օդային հարձակման հետևանքների մասին Ֆեդորիշչևը ոչինչ չի հայտնել։ Ըստ ականատեսների նկարահանած կադրերի, որոնք ուսումնասիրել է «Astra»-ն, հարվածի տակ է հայտնվել Սամարայի Կույբիշևյան նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ)։ Սա տարածաշրջանի նավթային ոլորտի խոշորագույն ձեռնարկություններից է, որը պատկանում է «Ռոսնեֆտ» ընկերությանը։ Ապրիլին՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, գործարանը դադարեցրել էր նավթի վերամշակումը։ Դրանից առաջ անօդաչուներն այն թիրախավորել էին նաև հունվարին։
Առավոտյան հրթիռային հարձակման է ենթարկվել նաև Չեբոքսարի քաղաքը։ «Այս պահին ճշտվում է տուժածների, ինչպես նաև վնասված ենթակառուցվածքային օբյեկտների թիվը»,- հայտնել է Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը։ «Astra»-ի տվյալներով՝ հարվածները հասցվել են «ՎՆԻԻՌ-Պրոգրես» գործարանին, որը մինչ այդ՝ մայիսի 5-ին, արդեն երկու անգամ հայտնվել էր անօդաչուների թիրախում։ Այս ձեռնարկությունը ռուսական բանակի համար արտադրում է «Կոմետա» տեսակի անտենաներ, որոնք պաշտպանում են դրոնները ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտարարել են, որ գործարանն արտադրում է նաև արբանյակային ընդունիչներ և GPS ու Galileo համակարգերի համար նախատեսված Glonass անտենաներ։ Բացի այդ, այն թողարկում է «Կոմետա» տեսակի մոդուլներ, որոնք կիրառվում են «Shahed» դրոն-կամիկաձեներում, «Իսկանդեր» ու «Կալիբր» հրթիռներում և ավիաբոմբերում։
Հրթիռային վտանգի ռեժիմ է հայտարարվել նաև Կուրգանի, Չելյաբինսկի, Սվերդլովսկի և Պենզայի մարզերում, ինչպես նաև Յամալում։ Բացի այդ, անցած գիշեր անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վլադիմիրի մարզի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «ենթակառուցվածքային երկու օբյեկտներում»։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը՝ հավելելով. «Տուժածներ չկան։ ԱԻՆ-ի և Ռոսգվարդիայի ուժերով իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումները»։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ տեղեկացրել է, որ հունիսի 10-ի կեսգիշերից ի վեր մայրաքաղաքին մոտենալիս 12 դրոն է խոցվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ռուսական 20 տարածաշրջանների երկնքում խոցել և ոչնչացրել է ուկրաինական 326 անօդաչու թռչող սարք։ Հակաօդային պաշտպանության համակարգերով խոցված հրթիռների մասին ռազմական գերատեսչությունը ոչինչ չի հաղորդել։
Source: https://news.am/hy/news/1042443