Օմսկի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ), որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից 2 500 կմ հեռավորության վրա, հաջողությամբ խոցվել է ուկրաինական ուժերի կողմից։ Այդ մասին նշվում է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։

Սա ՌԴ-ում բենզինի 11 խոշորագույն արտադրողներից վերջինն է, որը խոցվել է ուկրաինացի զինվորականների կողմից։

Ինչպես նշել են Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբում, այս ՆՎԳ-ն ՌԴ-ում ամենահզոր նավթավերամշակման ձեռնարկությունն է (տարեկան ավելի քան 21 մլն տոննա) և մասնագիտանում է վառելիքի, քսանյութերի և նավթաքիմիական արտադրանքի լայն տեսականի արտադրելու մեջ։ Գործարանն ունի ՌԴ-ում նավթի վերամշակման խորության ամենաբարձր ցուցանիշներից մեկը (մոտ 99%)։

Բացի այդ, ՆՎԳ-ն արտադրում է բարձրօկտանային ավտոմոբիլային բենզիններ (ԱԻ-92, ԱԻ-95, G-Drive 100), «Եվրո-5» դասի դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին (ՏՍ-1 և ՌՏ մակնիշների)։ Այս գործարանը նաև արտադրում է բենզոլ, պարաքսիլոլ և օրթոքսիլոլ, մասնագիտացված արտադրանք և քսանյութեր, տեխնիկական ածխածնի հումք, շարժիչային և արդյունաբերական յուղեր։

Source: https://news.am/hy/news/1048178