Հուլիսի 30-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Կրասնոդարի երկրամասում գտնվող և ՌԴ-ի հարավում խոշորանգույն համարվող Տամանի սևծովյան նավահանգստին, հայտնել է տրանսպորտային դատախազությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վնասվել են նավահանգստի ենթակառուցվածքները, կան նաև տուժածներ։

Կուբանի օպերատիվ շտաբից հայտնել են, որ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Տեմրյուկի շրջանի Վոլնա ավանում գտնվող ձեռնարկության տարածքում։ Այնտեղ տեղակայված են նաև Տաման նավահանգստի նավթամթերքի և չոր բեռների տերմինալները։ Ըստ օպերատիվ շտաբի տեղեկությունների՝ տուժել է չորս մարդ, որոնցից երեքին հոսպիտալացրել են։

NASA Firms ծառայությունը հրդեհներ է արձանագրել Տաման նավահանգստում և «ՕՏԷԿՈ» խմբի կողմից կառավարվող «Տամաննեֆտեգազ» խոշոր մասնավոր ծովային նավթալիցքավորման տերմինալում։ Վերջինիս տարեկան հզորությունը շուրջ 20 միլիոն տոննա է, իսկ պահուստային պարկի ծավալը՝ 640 հազար խորանարդ մետր։ Հաղորդվում է նաև յուղաճարպային արտադրանք արտահանող «ԷՖԿՈ Պիշչևիե ինգրեդիենտի» ընկերության օբյեկտներում բռնկված հրդեհի մասին։

Reuters-ի աղբյուրները հաստատել են, որ հարված է հասցվել բուսական յուղերի բեռնաթափմամբ զբաղվող «ԷՖԿՈ»-ի տերմինալին, և հայտնել են տարեկան 5,5 միլիոն տոննա հզորությամբ Տամանի հացահատիկային տերմինալային համալիրի վնասման մասին։

Տաման նավահանգիստը Ռուսաստանի հարավային մասի առանցքային տրանսպորտային հանգույցներից է, որը տեղակայված է Կերչի նեղուցի չսառչող ջրերում։ Այնտեղով արտահանվում են նավթամթերք, հեղուկացված ածխաջրածնային գազ, ածուխ, ծծումբ, հացահատիկ, բուսայուղեր և հանքային պարարտանյութեր։ Նավահանգստի ընդհանուր տարեկան հզորությունը գերազանցում է 90 միլիոն տոննան, և բեռնաշրջանառությամբ այն երկրորդն է Ազով-Սևծովյան ավազանում՝ զիջելով միայն Նովորոսիյսկին։

Նախկինում Տամանի նավահանգիստը հարձակման էր ենթարկվել 2026 թվականի փետրվարին։ Այն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վիրավորվել էր երկու մարդ, և հրդեհվել էր նավթամթերքով լի պահեստներից մեկը։ Իսկ 2025 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԹՍ-ների հարվածի հետևանքով նավահանգստում վնասվել էին երկու նավամատույց, երկու նավ, նավթամթերքի չորս տարա և մազութատար խողովակաշար։

Բացի այդ, հինգշաբթի օրը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Նովորոսիյսկում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ծովային տերմինալի նավերին։ Արդյունքում հրդեհվել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Nissos Sifnos» տանեկրը (բեռնառաքիչը՝ «Տենգիզշևրոյլ»)։ ԿԽԿ-ից հայտնել են, որ ոչ ոք չի տուժել, նավը պահպանել է լողունակությունը, և այժմ ընթանում են վնասի գնահատման աշխատանքները։ Նավահանգստից վեց ծովային մղոն հեռավորության վրա հարձակման է ենթարկվել նաև Մեն կղզու դրոշի ներքո նավարկող «Marathi» տանկերը։ ԿԽԿ-ում նավթի բեռնումը ժամանակավորապես դադարեցված է։

Source: https://news.am/hy/news/1052502