Ուկրաինան դիմել է 40 գործընկեր երկրների՝ խնդրելով արդեն հուլիսին շտապ հրթիռներ տրամադրել Patriot համակարգերի համար, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։
Կիևում առաջարկում են զինամթերքի փոխանցումը դիտարկել որպես ժամանակավոր միջոց՝ հետագա փոխհատուցմամբ՝ ի հաշիվ ապագա մատակարարումների, որոնք արդեն պայմանագրերով ամրագրված են Ուկրաինայի համար։
Երկրի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ առանցքային խնդիր է մնում բալիստիկ հրթիռների որսումը, ինչն ուղղակիորեն կախված է Patriot համալիրների համար հրթիռների առկայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ ապրիլին Գերմանիայի աջակցությամբ խոշոր պայմանագիր է կնքվել Patriot-ի համար հարյուրավոր PAC-2 հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Ակնկալվում է, որ մատակարարումները կսկսվեն առաջիկա տարիներին։
Հաղորդվում է նաև Եվրոպական Միության վարկային ծրագրի հաշվին մոտ 1 միլիարդ դոլար գումարի շուրջ 100 Patriot հրթիռների գնման ուղղությամբ արված առաջին քայլի մասին։ Բացի դրանից, Ուկրաինան արդեն սկսել է հրթիռներ ստանալ առանձին գործընկեր երկրների պահեստներից։
Չնայած դրան՝ Ուկրաինայի ՊՆ-ում հայտարարում են, որ ներկայիս ծավալները բավարար չեն հակաօդային պաշտպանության կարիքներն ապահովելու համար։ Գերատեսչությունը նշում է, որ լրացուցիչ մատակարարումները, ինչպես նաև PURL և JUMPSTART ծրագրերի միջոցով գնումների մեխանիզմների ընդլայնումը վճռորոշ նշանակություն ունեն օդային տարածքի պաշտպանության համար։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել էին Patriot, NASAMS և IRIS-T համակարգերի հրթիռների պակասուրդի մասին՝ մատնանշելով, որ մի շարք ստորաբաժանումներում զինամթերքի պաշարները գտնվում են նվազագույն մակարդակի վրա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր լրացուցիչ Patriot համակարգերի գնման վերաբերյալ քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման մասին, սակայն դրանց իրագործումը, ըստ նրա, դանդաղում է ֆինանսական, իրավական և տեխնիկական հարցերի պատճառով։
Source: https://news.am/hy/news/1047500