«Կրասնոդարսկայա» կոմպրեսորային կայանը, որն ապահովում է ռուսական գազի մատակարարումը Թուրքիա «Երկնագույն հոսք» գազատարով, վնասվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով: Միևնույն ժամանակ, գազի մատակարարման ընդհատումներ թույլ չեն տրվել, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով «Գազպրոմ» ընկերության իր աղբյուրին։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ հուլիսի 7-ի երեկոյան Սևերսկի շրջանի Սմոլենսկայա ստանիցայի մոտակայքում, անօդաչուի բեկորների ընկնելուց հետո, ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել, տեղում աշխատել են արտակարգ ծառայությունները։
Ավելի ուշ «Գազպրոմ»-ից հայտնել են, որ հարձակման թիրախը եղել է «Կրասնոդարսկայա» կոմպրեսորային կայանը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, 19:51-ի սահմաններում: Ընկերությունը չի հստակեցրել վնասների բնույթն ու մասշտաբները՝ միայն նշելով, որ մասնագետները զբաղվում են հարձակման հետևանքների վերացմամբ։
«Գազպրոմում» հայտարարել են, որ հարվածն ուղղված էր դեպի Թուրքիա գազի անխափան մատակարարումները խաթարելուն, սակայն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հաջողվել է խուսափել ընդհատումներից։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նախկինում բազմիցս հրավիրել է Անկարայի ուշադրությունը «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարներին առնչվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակվելու փորձերի վրա։
«Անշուշտ, մենք ձեռնարկում ենք առավելագույն միջոցներ, որպեսզի նվազեցնենք այս հարձակումներից բխող վտանգը»,- հայտարարել է Պեսկովը՝ թուրքական ղեկավարությանը կոչ անելով զգուշացնել ձեռնպահ մնալ Ուկրաինային միջազգային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ հասցնելուց։
2003 թվականին շահագործման հանձնված «Երկնագույն հոսք» և 2020 թվականին գործարկված «Թուրքական հոսք» գազատարներն ապահովում են ռուսական գազի մատակարարումը Թուրքիա և Հարավային ու Հարավարևելյան Եվրոպայի մի շարք երկրներ։ Այդ երթուղիների ընդհանուր երկարությունը կազմում է համապատասխանաբար մոտ 1200 և 1100 կիլոմետր, ընդ որում՝ զգալի մասն անցնում է Սև ծովի հատակով։
Ռուսական կողմն ավելի վաղ հայտնել էր գազատրանսպորտային ենթակառուցվածքի ցամաքային օբյեկտների վրա այլ հարձակումների մասին ևս: Մասնավորապես, 2026 թվականի մարտին հարձակման էին ենթարկվել «Ռուսկայա», «Կազաչյա» և «Բերեգովայա» կոմպրեսորային կայանները։
Source: https://news.am/hy/news/1048680