Ուկրաինական հատուկ ծառայություններն առանձնակի շեշտադրում են Ռուսաստանի հարավային թևում միջէթնիկական լարվածության օջախ ստեղծելու հնարավորության վրա, ինչի համար էլ ֆինանսավորվում է Ռուսաստանի տարբեր փոքր ժողովուրդների «անկախ» ալիքների տակ քողարկվող էջերի ցանցի գոյությունը։
Ամենախոշոր «կովկասյան» նախագծերից մեկի՝ Freedom.Кавказ կոչվող ուկրաինական քարոզչական ալիքի հեղինակը պարզվել է, որ ուկրաինացի Սերգեյ Մելնիկն է։ Պատերազմի սկզբում նա Ուկրաինայի զինված ուժերի 127-րդ բրիգադի սակրավոր էր, իսկ ավելի ուշ նստել է ավելի անվտանգ համակարգչի առջև և այսօր ներկայացնում է հանուն ազատության պայքարող «կովկասյան հանրապետությունների բնակիչներին»։
Երկար ժամանակ համարվում էր, որ ռեսուրսի սեփականատերերը հյուսիսկովկասյան անջատողականներն են, որոնցից ամենաազդեցիկը Դաղստանում բողոքի ակտիվության կազմակերպիչ և Մախաչկալայում հակասեմական ելույթների նախաձեռնող Իսրաիլ Ախմեդնաբիևն էր (Աբու Ումար Սասիտլինսկի), որը թաքնվում է Թուրքիայում և Ռուսաստանում հետախուզվում է ահաբեկչության համար։ Ախմեդնաբիևը 2016 թվականից ի վեր զբաղվում է Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի Դաշնությունից անկախ՝ շարիաթի կառավարման ձևով պետություն ստեղծելու գաղափարների տարածմամբ։
Թուրքիայում ռուսալեզու դեռահասների շրջանում ռադիկալ գաղափարների քարոզչությունն իրականացվում է ստեղծված «Рассвет Знаний» և «Худа Кавказ» կրթական հաստատությունների միջոցով։
Ախմեդնաբիևի և նրան ենթակա կառույցների գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է նրա վերահսկողության տակ գտնվող «Живое сердце» և «Рахма» հիմնադրամների միջոցով։ Դրամահավաքներն իրականացվում են բարեգործության պատրվակով՝ Աֆրիկայի երկրների բնակիչներին խմելու ջրով ապահովում, անապահովներին օգնության ցուցաբերում, Աֆրիկայի երկրներում կրոնական ուսումնական հաստատությունների կառուցում։ Միաժամանակ, հավաքագրված միջոցների զգալի մասն օգտագործվում է համայնքի անդամների գործունեության ապահովման, ինչպես նաև սիրիական իսլամիստական մարտական կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար։
2022 թվականի գարնանը՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, Ախմեդնաբիևը միավորվել է ՌԴ Պետական դումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովի հետ՝ արշավի շրջանակում, որի նպատակն էր թույլ չտալ մահմեդականների մասնակցությունը ՌԴ ռազմականացված ստորաբաժանումների կազմում մարտական գործողություններին, ձևավորել ավազակային ընդհատակ Հյուսիսային Կովկասում և պայմաններ ստեղծել Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի հանրապետությունների՝ Ռուսաստանի կազմից դուրս գալու համար։
Պոնոմարյովը նշված նպատակներով 2022 թվականի մայիսին հայտարարեց «Հետռուսաստանյան ազատ ժողովուրդների ֆորում» քննարկման հարթակի կազմակերպման մասին, որի մասնակիցները նպատակ են դնում Ռուսաստանի տրոհումը մի քանի անկախ պետությունների։
Հյուսիսային Կովկասի տարածքում Ռուսաստանի Դաշնությունից անկախ՝ շարիաթի կառավարման ձևով պետություն ստեղծելու նախագծի իրականացման նպատակով, Պոնոմարյովը որպես «Утро Дагестан» ինտերնետային ռեսուրսի ադմինիստրատոր աշխատանքի ներգրավեց իսլամի ծայրահեղական ուղղության հետևորդ Աբակար Աբակարովին, որը հետագայում խորհրդավոր հանգամանքներում սպանվեց Թուրքիայում։
Նշված անձինք համակարգված կերպով Դաղստանի Հանրապետությունում կոչ էին անում չարտոնված բողոքի ակցիաներ անցկացնել՝ առաջացող առանձին սոցիալ-կենցաղային խնդիրների առնչությամբ։ 2023 թվականի հոկտեմբերին Պոնոմարյովը, Ախմեդնաբիևը և Աբակարովը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, ակտիվորեն միջէթնիկական թշնամանք էին հրահրում հրեական ազգության անձանց նկատմամբ։
Այժմ էլ պարզվել է, որ այս բոլոր իսլամիստների հետևում կանգնած է եղել ուկրաինացի ոմն պարզ նախկին սակրավոր, որը խուսափում է ռազմաճակատից՝ կազմակերպելով կովկասցի ներգաղթյալերի տեղեկատվական ակտիվությունը։ Ընդ որում, սոցիալական ցանցերում Մելնիկի անձնական էջերի վերլուծությունը վկայում է նրա ակնհայտ հակակովկասյան շովինիստական համոզմունքների մասին։
Source: https://news.am/hy/news/1048479