Սաուդյան Արաբիայում հնագետները հայտնաբերել են մի գանձ, որը կարծես իջած լինի արևելյան լեգենդի էջերից. ավելի քան 1200 տարի առաջ թաքցված կավե անոթի մեջ գտնվել են ոսկե և արծաթե զարդեր, ուլունքներ, թանկարժեք քարեր և վաղ իսլամական աշխարհի դարաշրջանի նրբաճաշակ իրերի բեկորներ, գրում է Live Science-ը։
Գտածոն արդեն անվանել են «Դիրիայի գանձ»՝ Էր-Ռիադից ոչ հեռու գտնվող հնագիտական հուշարձանի անունով, որտեղ այն հայտնաբերվել է։
Գիտնականները կարծում են, որ գանձը կարող էր պատկանել մի ուխտավորի, որը Մեքքա էր ուղևորվում հաջի կարևորագույն երթուղիներից մեկով։ VIII–IX դարերում Դիրիան գտնվում էր Բասրայից Մեքքա տանող ճանապարհին և ծառայում էր որպես կանգառ ճանապարհորդների, առևտրականների և հավատացյալների համար։
Ռադիոքարբոնային վերլուծությունը ցույց է տվել, որ բնակավայրը ակտիվորեն գոյություն է ունեցել մոտավորապես 743–753 թվականներին՝ հենց Աբբասյան խալիֆայության դարաշրջանի սկզբում, որը իսլամական աշխարհի գիտության, առևտրի և մշակույթի ծաղկման շրջան էր։
Գանձը անսպասելի էր նույնիսկ հնագետների համար։ Պեղումների ընթացքում նրանք ուսումնասիրում էին բնակելի շինություններ, ջրի պահեստարաններ և սովորական կենցաղային առարկաներ՝ խեցեղեն և ապակի։ Սակայն հետո շենքերից մեկում հայտնաբերվել է խնամքով թաքցված անոթ՝ ավելի քան հարյուր զարդերով։
Դրանց թվում են ծաղկային մոտիվներով ոսկե կախազարդեր, դեկորատիվ սկավառակներ, ուլունքներ և կիսաթանկարժեք քարերով ներդրված տարրեր։
Մասնագետները նշում են հին ոսկերիչների վարպետության բարձր մակարդակը. ոսկու բարակ թերթերը դրվագվել են, զարդարվել ռելիեֆով և բարդ երկրաչափական նախշերով։
Թե ինչու են գանձերը հայտնվել հողի տակ, առայժմ անհայտ է։ Հնարավոր է՝ տերը դրանք թաքցրել է վտանգավոր ճանապարհորդության ժամանակ և այլևս չի կարողացել վերադառնալ։ Չի բացառվում նաև մեկ այլ տարբերակ. գանձը կարող էին միտումնավոր թաքցնել վաղ Աբբասյան պետության քաղաքական անկայունության շրջանում։
Հնագետներն ընդգծում են, որ նման գտածոները օգնում են հասկանալ ոչ միայն այդ ժամանակի հարստությունն ու առևտրային կապերը, այլև հենց ուխտագնացության մշակույթը, որը հսկայական դեր էր խաղում միջնադարյան իսլամական աշխարհի կյանքում։
Դիրիայում պեղումները շարունակվում են, և հետազոտողները հույս ունեն, որ նոր բացահայտումները կօգնեն վերականգնել այն մարդկանց պատմությունը, որոնք ավելի քան հազար տարի առաջ Արաբիայի անապատներն էին հատում՝ դեպի սրբազան քաղաք տանող ճանապարհին։
Source: https://news.am/hy/news/1039034
World
Ուխտավորի վերջին գաղտնիքը. Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են VIII դարի գանձեր
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։