Ուգանդայի հյուսիսարևելյան Կարամոջա շրջանում առնվազն 16 մարդ մահացել է երկարատև երաշտի պատճառով առաջացած սովից, հայտնել են երկրի իշխանությունները, հաղորդել է BBC News-ը։

Ֆերմերները նշել են, որ կորցրել են բերքն այն բանից հետո, երբ ապրիլից՝ ցանքի սեզոնի սկզբից, տարածաշրջանում գործնականում անձրևներ չեն եղել։ Երաշտային պայմանները ոչնչացրել են եգիպտացորենի, սորգոյի և սոյայի դաշտերը՝ հազարավոր ընտանիքների զրկելով սննդի պաշարներից։

Ուգանդայի վարչապետ Ռոբինա Նաբանջան հայտնել է, որ իշխանությունները մտադիր են դիմել տուժած շրջանների համար սննդամթերքի լրացուցիչ գնումների հաստատմանը։ Կառավարությունն արդեն սկսել է արտակարգ պարենային օգնության բաշխումը։

Փորձագետները Կարամոջայում կրկնվող պարենային ճգնաժամերը կապում են մի շարք գործոնների համադրության հետ՝ կլիմայի փոփոխություն, անկանոն տեղումներ, անտառահատումներ, անասունների չափից ավելի արածեցում և գյուղատնտեսական վնասատուների տարածում։

Մասնագետները կոչ են արել ընդլայնել երաշտների կանխատեսման համակարգերը, ներդրումներ անել ոռոգման մեջ և կիրառել երաշտային պայմանների հանդեպ ավելի դիմացկուն մշակաբույսեր։

Ուգանդայի հյուսիս-արևելքն արդեն բախվել է սովի ծանր ճգնաժամերի․ 2022 թվականին, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, ավելի քան 2 200 մարդ մահացել է սովից և դրա հետ կապված հիվանդություններից։

Source: https://news.am/hy/news/1049324