Առնվազն երեք մարդ է զոհվել Ուգանդայի ազգային պարկի տարածքում ավտոմեքենայի և փղի բախման հետևանքով։

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Մերչիսոն-Ֆոլս (Murchison Falls) ազգային պարկում։ Եվս չորս մարդ վիրավորվել է։ Գերատեսչությունում հավելել են, որ ավտոմեքենայում եղել է Ուգանդայի հարկային վարչության (URA) յոթ աշխատակից։

Ավտոմեքենան Առուա քաղաքից վերադառնում էր երկրի մայրաքաղաք Կամպալա, երբ տեղի ունեցավ բախումը։ Բոլոր տուժածներն անհապաղ տեղափոխվել են տեղի հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ Կամպալա՝ հետագա բուժում ստանալու նպատակով։ Պաշտոնատար անձինք փղի վիճակի մասին տեղեկություն չեն տրամադրել։

Ուգանդայի վայրի բնության պահպանության վարչությունը դիմել է վարորդներին՝ կոչ անելով չափազանց ուշադիր լինել ճանապարհներին։

«Պահպանվող բնական տարածքներով ճանապարհորդող վարորդներին խստիվ խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել, քանի որ վայրի կենդանիները հաճախ են հատում երթևեկելի հատվածը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Source: https://news.am/hy/news/1038301