Ուկրաինական ստորաբաժանումներից մեկը «ՈՒԱԲ-ի (Ուկրաինական ապստամբական բանակ/УПА) հերոսների» անունով կոչելու որոշումից, պետական պարգևների շուրջ վեճերից և Գդանսկում անցկացված միջոցառումներին Վլադիմիր Զելենսկու բացակայությունից հետո Կիևը ևս մեկ քայլ է կատարել՝ ներկայացնելով Ուկրաինական ազգային պանթեոնի ստեղծման նախագիծը, գրում է Dziennik Gazeta Prawna-ն։

Լեհաստանի նախագահի աշխատակազմում այդ քայլը դիտարկում են որպես գիտակցված սադրանք և արդեն մատնանշում են հուլիսի 11-ը՝ Վոլինյան կոտորածի տարելիցը։

Միաժամանակ, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կողմ է արտահայտվում լարվածության նվազեցմանը և առաջարկում է վերադառնալ հանրային տարածքից դուրս ընթացող բանակցություններին։

Լեհական պարբերականի տվյալներով՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու շրջապատում Կիևի վերջին որոշումներն ընկալվում են որպես պատմական հիշողության ոլորտում Ուկրաինայի հետևողական քաղաքականության մաս։ Ընդսմին, նախագահական վարչակազմում ընդգծում են, որ մտադիր չեն անհապաղ արձագանքել։

«Մենք հանգիստ ենք ընդունում այդ հայտարարությունը, քանի որ Վլադիմիր Զելենսկու և նրա շրջապատի գործողությունները սադրիչ բնույթ են կրում, իսկ մենք չենք պատրաստվում մաս դառնալ Կիևում գրված այն սցենարի, որը միաժամանակ ձեռնտու է ռուսական քարոզչությանը։ Ուկրաինայի նախագահի որոշումները նախևառաջ հաշվարկված են ներքին լսարանի համար և կոչված են ամրապնդելու նրա թուլացած դիրքերը։ Բացի դրանից, այդ որոշումները հնարավորություն են տալիս շեղել ուշադրությունը կոռուպցիոն սկանդալներից, որոնցում ներգրավված են ուկրաինացի առաջատար քաղաքական գործիչներ»,- հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը։

Միաժամանակ նա նշել է, որ Կարոլ Նավրոցկու հնարավոր արձագանքի վերաբերյալ վերջնական որոշումը դեռևս ընդունված չէ։

Լեհաստանի արտգործնախարարությունն իր հերթին համարում է, որ պատմական հիշողության հարցերը պետք է քննարկվեն երկկողմ երկխոսության շրջանակում, այլ ոչ թե հանրային հայտարարությունների միջոցով։

Գերատեսչության կարծիքով՝ պատմական ճշմարտության ընդունումը Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ճանապարհի կարևոր պայմաններից մեկն է։

Source: https://news.am/hy/news/1046920