ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անտվերպենի համաշխարհային ադամանդի կենտրոնից (AWDC) նվեր է ստացել 321 բնական ադամանդով ոսկե մատանի։ Նվերը նվիրված է եղել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին։ Այս մասին հայտնել են կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Միացյալ Նահանգները բազմաթիվ սերունդների ընթացքում եղել են մեր կարևորագույն առևտրային գործընկերը։ Անտվերպենում վաճառվող բնական ադամանդների զգալի մասը ի վերջո հասնում է ամերիկացի ոսկերիչներին և սպառողներին։ Այս մատանիով մենք ցանկացել ենք ընդգծել այս ամուր տնտեսական հարաբերությունները», — AWDC-ի նախագահ Իսիդոր Մերսելի խոսքերը փոխանցում է մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մատանին պատրաստված է ոսկուց և զարդարված է 321 բնական ադամանդով և 75 այլ թանկարժեք քարերով։ Նվերը հանձնվել է Բելգիայում ԱՄՆ դեսպան Բիլ Ուայթին։

Կենտրոնում հատկապես ընդգծել են, որ պատրաստման ընթացքում օգտագործվել են միայն բնական ադամանդներ, քանի որ բնական և արհեստական ադամանդները անզեն աչքով հնարավոր չէ տարբերել, սակայն դրանց ծագումը, եզակիությունը, արժեքը և կարգավիճակը որակապես տարբերվում են։

Source: https://news.am/hy/news/1046771