Երկուշաբթի Գազայի հատվածի տարբեր շրջաններին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա։ Դրա մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի հիվանդանոցների ներկայացուցիչներին։
«Նասեր» հիվանդանոցի տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքին հասցված հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Մեկ այլ հարված, որը հասցվել է անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա փախստականների ճամբարին, խլել է երեք մարդու կյանք։ Զոհվածների թվում է 8-ամյա Ջադ Սուլեյմանը, ինչի մասին հայտնել են «Շիֆա» հիվանդանոցից։ Մի քանի մարդ ստացել է վնասվածքներ։
Ջադի հայրը՝ Յուսուֆը համբուրում իր առջև պառկած սպիտակ պատանքով փաթաթված որդու դեմքն ու նրա դպրոցական պայուսակը սեղմում իրեն։ «Նա դպրոցից տուն էր վերադառնում,- պատմել է Սուլեյմանը,- Ես մոտ վազեցի և նրան գտա գետնին ընկած, պայուսակը դեռ վրան էր։ Այն ամբողջությամբ պատված է նրա արյամբ։ Նա վիրավոր էր և արնահոսում էր պարանոցից։ Նա վերջին շնչում էր»։
Հարվածների են ենթարկվել նաև Գազա քաղաքը և հատվածի կենտրոնական մասում՝ Դեյր էլ-Բալահը։ Այս շրջաններում զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունն այս պահին ճշտվում է։
Այս հարձակումները դարձան հերթականը Գազայի հատվածի ամբողջ տարածքում բնակելի տներին և փախստականների ճամբարներին հասցվող հարվածների շարքում՝ սկսած այն խոցելի հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր, որը կոչված էր կանգնեցնելու արդեն ավելի քան երկու տարի տևող պատերազմը։
Source: https://news.am/hy/news/1042095