Դանիայում հնագետները բացահայտում են արել, որը կարող է էապես փոխել պատկերացումները վիկինգների դարաշրջանի տնտեսության և հասարակության զարգացման մակարդակի մասին։ Օրհուս քաղաքից հյուսիս՝ Սյոֆթեն գյուղի մերձակայքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել է VII–X դարերի խոշոր արհեստագործական համալիր, որը մասնագիտացած էր գործվածքների զանգվածային արտադրության մեջ, գրում է Euronews-ը։
Հուշարձանի տարածքը կազմում է մոտ 100 հազար քառակուսի մետր։ Հետազոտությունների ընթացքում հնագետները պեղել են 82 կիսագետնափոր կառույց, որոնք, նրանց կարծիքով, օգտագործվել են որպես մասնագիտացված տեքստիլ արհեստանոցներ։
Այսքան մեծ թվով միատեսակ արտադրական տարածքների առկայությունը վկայում է աշխատանքի բաժանման բարձր աստիճանի և, հավանաբար, արտադրության կենտրոնացված կազմակերպման գոյության մասին։
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են հարյուրավոր ծանրոցաքարեր՝ ջուլհակային հաստոցների համար, իլիկներ և ապակե ուլունքներ։ Ըստ հետազոտողների, այս գտածոները հնարավորություն են տալիս հետևել գործվածքների պատրաստման գրեթե ամբողջական ցիկլին՝ մանրաթելերի մշակումից մինչև պատրաստի կտորի արտադրություն։ Արտադրության ծավալները զգալիորեն գերազանցում էին տեղական բնակչության պահանջները, ինչը վկայում է առևտրի համար արտադրանքի պատրաստման մասին։
Մեկ այլ կարևոր հայտնագործություն են դարձել արաբական մետաղադրամները, ինչպես նաև ժամանակակից Ֆրանսիայի և Գերմանիայի տարածքներում հատված մետաղադրամները։ Այս գտածոները վկայում են, որ բնակավայրի բնակիչները ներառված էին ընդարձակ առևտրային ցանցերում, որոնք ձգվում էին Սկանդինավիայից մինչև Մերձավոր Արևելք։
Բնակավայրը գտնվում էր հին առևտրային կենտրոն Արոսի՝ ժամանակակից Օրհուսի նախորդի հարևանությամբ, ինչը ապահովում էր արտադրված ապրանքների հարմար արտահանումը ներքին և արտաքին շուկաներ։
Մոսգոր թանգարանի պատմաբան Կասպեր Անդերսենը նշել է, որ բացահայտումը ցույց է տալիս վիկինգների դարաշրջանի տնտեսական զարգացման բարձր մակարդակը։
Հետազոտողները շարունակում են գտածոների վերլուծությունը։ Նյութերի գիտական մշակումը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի, որից հետո առավել արժեքավոր արտեֆակտները նախատեսվում է ներկայացնել Մոսգոր թանգարանի ցուցադրությունում։
Source: https://news.am/hy/news/1047983