Եվրոպական միությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ սահմանափակող ցուցակներում ներառելով ինը ֆիզիկական անձի և չորս կազմակերպության։ Ինչպես հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, այս միջոցները կապված են ենթադրյալ «վնասաբեր կիբերգործունեության» հետ։

Կալասի խոսքով՝ նոր սահմանափակումները ներդրվել են «ի պատասխան վնասաբեր կիբերգործունեության» և տարածվում են «ռուսական հետախուզության սպաների, մասնավոր հաքերների և մասնավոր ընկերությունների» վրա, որոնք, Բրյուսելի վարկածով, «նպաստում են Ռուսաստանին՝ ԵՄ-ի, դրա անդամ երկրների և արտաքին գործընկերների կայունությունը խաթարելու հարցում»։

Պատժամիջոցները նախատեսում են Եվրամիության երկրներ մուտքի արգելք, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների սառեցում (եթե այդպիսիք հայտնաբերվեն ԵՄ տարածքում)։

Source: https://news.am/hy/news/1049492