Վիետնամի հարավային ափերի մոտ զբոսաշրջային նավակ է շրջվել, ինչի հետևանքով Հնդկաստանի 15 քաղաքացի է զոհվել։ Այս մասին, հղում անելով վիետնամական լրատվամիջոցներին, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նավում եղել է 32 հնդիկ զբոսաշրջիկ և անձնակազմի 4 անդամ։ Մոտորանավակը խորտակվել է Վիետնամի ամենամեծ կղզու՝ Ֆուկուոկի հարևանությամբ գտնվող Հոն Մայ Ռութ Նգոայ կղզյակից մոտ 400 մետր հեռավորության վրա։
Ականատեսների պատմելով՝ մոտակայքում գտնվող նավակներն առաջինն են հասել դեպքի վայր և սկսել ջրից դուրս բերել ու փրկել ուղևորներին։ Ավելի ուշ փրկարարական գործողություններին միացել են սահմանապահները, ռազմածովային ուժերը, առափնյա պահպանությունը և այլ ծառայություններ։
Փրկարարները բախվել են լուրջ դժվարությունների, քանի որ մարդկանց մի մասը մնացել էր շրջված նավակի ներսում։ Գործողության արդյունքում հաջողվել է փրկել 21 հոգու։ Զոհվածների մարմինները դուրս են բերվել ջրից, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։
Վթարի պատճառները դեռևս անհայտ են։ Իշխանությունները միջադեպի հանգամանքների քննություն են սկսել։
Թաիլանդական ծոցում գտնվող Ֆուկուոկ կղզին Վիետնամի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է։ Դրա լողափերն ու շրջակա կղզյակները տարեկան միլիոնավոր տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների են գրավում։
Source: https://news.am/hy/news/1049275