Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մոտ 1,8 միլիոն մարդ, այդ թվում՝ շուրջ 680 հազար երեխա, հումանիտար օգնության կարիք ունի։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ։
«Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո հումանիտար օգնության կարիք ունեցող 1,8 միլիոն մարդկանցից շուրջ 680 հազարը երեխաներ են»,- նշված է տեքստում։
Բոլիվարյան Հանրապետությունում կազմակերպության ներկայացուցիչ Մանուել Ռոդրիգես Պումարոլի խոսքով՝ երկրի հիվանդանոցները «գործում են իրենց հնարավորությունների սահմանում, հազարավոր երեխաներ զրկված են մաքուր ջրի կայուն հասանելիությունից, իսկ բազմաթիվ դպրոցներ լուրջ վնասներ են կրել»։ Նշվում է, որ հանրապետության մայրաքաղաք Կարակասում վնասվել է 432 դպրոց, այսինքն՝ «տարածաշրջանի բոլոր ուսումնական հաստատությունների ավելի քան մեկ երրորդը»։ Ընդ որում, կանգուն մնացած դպրոցներն առժամանակ որպես կացարան են օգտագործվում անօթևան մնացած ընտանիքների համար։
Հունիսի 24-ին Վենեսուելայում ուժգին ցնցումների երկու ալիք է գրանցվել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, իսկ երկրորդինը՝ 7,5։ Դրանց հաջորդել է 512 հետցնցում։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 1 450-ի, իսկ ավելի քան 3,2 հազար մարդ տարբեր մարմնական վնասվածքներով գտնվում է հիվանդանոցներում։ Ավերվել են բազմաթիվ բնակելի տներ, վնասվել են ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։
Source: https://news.am/hy/news/1046637