Վենեսուելայի կառավարության վերջին տվյալներով, հունիսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 2954-ի, ևս 16 592 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է La Nacion-ը։
Նախորդ պաշտոնական ամփոփագրի համեմատ զոհերի թիվն աճել է 309-ով, իսկ տուժածների թիվը՝ գրեթե չորս հազարով։
Իշխանությունները նաև հայտնել են, որ ավելի քան 16 հազար մարդ զրկվել է կացարանից, վնասվել է 856 շենք։ Միևնույն ժամանակ, անհետ կորածների թվի մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։ Սակայն, Միավորված ազգերի կազմակերպության գնահատմամբ, անհետ կորած կարող է համարվել մինչև 50 հազար մարդ։
Առավել լուրջ ավերածությունները բաժին են ընկել հյուսիսային Լա Գուայրա նահանգին, որը գտնվում է Կարակասից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Հենց այս ափամերձ շրջանն է դարձել հումանիտար աղետի էպիկենտրոնը․ բազմաթիվ բնակելի տներ ամբողջությամբ ավերվել են, հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի և ստիպված են ապրել վրանային ճամբարներում ու ժամանակավոր ապաստարաններում, որոնք տեղակայվել են քաղաքային զբոսայգիներում։
Երկրի մայրաքաղաք Կարակասը նույնպես տուժել է ստորգետնյա ցնցումներից, սակայն այնտեղ ավերածությունների մասշտաբները զգալիորեն փոքր են։
Աղետը պայմանավորված է եղել հաջորդական երկու երկրաշարժերով՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Մասնագետների տվյալներով, պատճառը եղել է հարավամերիկյան տեկտոնական սալի տեղաշարժը Կարիբյան սալի նկատմամբ, ինչը հանգեցրել է Վենեսուելայի հյուսիսային ափերի մոտ կուտակված էներգիայի հզոր արտազատման։
Թեև էպիկենտրոնները գտնվել են Յարակույ նահանգում՝ Սան Ֆելիպե և Յումարե քաղաքների շրջանում, հարվածային ալիքները հատկապես ուժեղ են ազդել Լա Գուայրայի վրա՝ Սան Սեբաստյան խզվածքի ակտիվության պատճառով։
ՄԱԿ-ի տվյալներով, նյութական վնասը գնահատվում է մոտ 6,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է Վենեսուելայի համախառն ներքին արդյունքի մոտ 6 %-ին։
Կազմակերպությունը նաև կարծում է, որ երկրաշարժերի հետևանքներն անմիջականորեն անդրադարձել են մինչև 6,8 միլիոն մարդու վրա, որոնք բախվել են բնակարանի կորստի, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումների կամ ստիպված են եղել լքել իրենց տները։
Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին միացել են շուրջ 30 պետություններ, որոնք Վենեսուելա են ուղարկել փրկարարական ստորաբաժանումներ, հումանիտար օգնություն և մասնագիտացված տեխնիկա։ Չնայած նրան, որ ողջ մնացածներին որոնելու կրիտիկական շրջանն արդեն ավարտվել է, փրկարարական ծառայությունները շարունակում են փլատակների ապամոնտաժումը։
Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանի դիսպետչերական աշտարակի ավերման պատճառով ամերիկացի ռազմական ինժեներները օգնել են վերականգնել Լա Գուայրա ծովային նավահանգստի աշխատանքը, ինչը թույլ է տվել արագացնել հումանիտար բեռների առաքումը։
Նավահանգստով արդեն մուտք է գործել մոտ 1000 տոննա դեղորայք, սննդամթերք և սարքավորում, որոնք տրամադրվել են միջազգային պատվիրակությունների կողմից, այդ թվում՝ Կոլումբիայից, Բրազիլիայից, Չինաստանից և Իսրայելից։
Source: https://news.am/hy/news/1047889