Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 4 333-ի։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ զոհվածներից 315-ի ինքնությունը մինչ այժմ չի հաստատվել։ Տուժածների թիվը մնում է անփոփոխ՝ 16 740 մարդ, ևս 6 462 մարդ փրկվել է։ Մոտ 17 հազար բնակիչ մնացել է առանց բնակարանի։
Ռոդրիգեսը նաև հայտնել է, որ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունները կսկսեն տարերքից տուժած ընտանիքներին հատկացնել առաջին 200 տները։ Կառավարության նախնական գնահատականներով՝ ընդհանուր առմամբ անհրաժեշտ է կառուցել շուրջ 25 հազար բնակելի տուն։ Դրա համար արդեն ընտրվել են մոտ 40 հողատարածքներ՝ 584 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, Օսմա և Չուսպա շրջաններում։
Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժերը վնասել են 856 շենք, որոնցից 190-ը ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել են։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։ «Քանի դեռ կյանք կա, հույս կա։ Մեզ մոտ մնացել են մեկ-երկու տեղամասեր, որտեղ իրավիճակը դեռևս անորոշ է, և մենք շարունակում ենք փրկվածներ որոնել», — հայտարարել է Ռոդրիգեսը։
Source: https://news.am/hy/news/1049328