Վենեսուելայի կառավարությունը կոչ է արել այն երկրներին, որոնք սառեցրել են հանրապետության պետական ակտիվները, ապասառեցնել այդ միջոցները և ուղղել դրանք անցյալ ամիս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո վերականգնողական աշխատանքներին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ հանդիպման ժամանակ Վենեսուելայի արտգործնախարար Իվան Խիլ Պինտոն հայտարարել է, որ Վենեսուելայի պետությանը պատկանող միջոցները տարբեր երկրներում շարունակում են արգելափակված մնալ պատժամիջոցների պատճառով: Մասնավորապես, նա հիշատակել է Մեծ Բրիտանիայում գտնվող ոսկու պահուստները, ինչպես նաև Միացյալ Նահանգների սառեցրած ակտիվները:

«Մենք կոչ ենք անում բոլոր այն երկրներին, որոնք պահում են Վենեսուելայի արգելափակված միջոցները, սկսել դրանց ազատման գործընթացը, որպեսզի դրանք հնարավոր լինի օգտագործել երկրի վերականգնման համար»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը:

Միաժամանակ, ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն մեղմացրել էր Վենեսուելայի դեմ տնտեսական պատժամիջոցների մի մասը չորս ամսով՝ հումանիտար գործողություններին աջակցելու համար: Հունվարին Կարակասում իշխանափոխությունից հետո երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվել են, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աստիճանաբար թուլացնում է սահմանափակումները, այդ թվում՝ նավթային հանքավայրերի մշակման ոլորտում:

Այդ ընթացքում, 7,3 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից գրեթե երկու շաբաթ անց, միջազգային փրկարարական խմբերն ավարտում են ողջ մնացածների որոնումները: Իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 3685-ի, մոտ 17 հազար մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Այս ֆոնին ՄԱԿ-ը հայտարարել է 296 միլիոն դոլարի հրատապ հանգանակություն՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով փոխգլխավոր քարտուղար Թոմ Ֆլետչերի՝ այսօրվա դրությամբ հետևանքների վերացման համար արդեն հատկացվել է մոտ 300 միլիոն դոլար, սակայն ֆինանսավորման դեֆիցիտը դեռևս կազմում է 627 միլիոն դոլար: Ամենածանր իրավիճակը պահպանվում է Լա Գուայրա նահանգում, որտեղ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան, իսկ շատ ընտանիքներ շարունակում են փլատակների տակ փնտրել իրենց հարազատներին:

Source: https://news.am/hy/news/1048706