ԱՄՆ-ում հետևել են ՉԺՀ-ի իրականացրած ստորջրյա տեղակայման ռազմավարական հրթիռի փորձնական արձակմանը և Պեկինին կոչ են անում բովանդակային քննարկումների սպառազինությունների վերահսկման շուրջ, հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտում։

«Մենք շարունակում ենք Չինաստանին կոչ անել մասնակցել սպառազինությունների վերահսկման շուրջ բովանդակային քննարկումներին և ստանձնել պարտավորություն՝ կանոնավոր կերպով ծանուցելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների բոլոր արձակումների և տիեզերական արձակումների մասին՝ համաձայն այն պարտավորությունների, որոնք ստանձնել են «միջուկային հնգյակի» բոլոր մյուս անդամները», - ընդգծվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտում հավաստիացրել են, որ Վաշինգտոնը մնում է «հավատարիմ իր պաշտպանական պարտավորություններին դաշնակիցների և գործընկերների առջև»։

Նախօրեին ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունում հայտնել էին, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերը պլանային զորավարժությունների շրջանակում Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում սուզանավից հաջողությամբ իրականացրել են ռազմավարական հրթիռի փորձնական արձակում՝ իմիտացիոն մարտագլխիկով։

Մեկնաբանելով արձակումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Չինաստանն ունի ռազմավարական հրթիռների փորձնական արձակումներ իրականացնելու ինքնիշխան իրավունք։

«Մենք կարծում ենք, որ դա Չինաստանի ինքնիշխան իրավունքն է՝ փորձարկել իր հրթիռները, զբաղվել ռազմական շինարարությամբ։ Չինաստանը չի սպառնում տարածաշրջանի որևէ պետության, չի սպառնում ոչ մեկին աշխարհում։ Չինաստանը մեր մեծ դաշնակիցն ու գործընկերն է», - երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

Source: https://news.am/hy/news/1048257